Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը BBC-ին տված հարցազրույցում խոսել է Ղարաբաղյան կարգավորման մասին, հայտարարել, որ ինքը պատրաստ էր գնալ հարցի լուծմանն, անկախ այն հանգամանքից, որ իրեն պիտակավորելու էին որպես դավաճանի, հայտարարել էր, թե մոտավորապես ինչ կարգով էր հարցը կարգավորվելու եւ այլն։
Ընդհանուր առմամբ, Ղարաբաղյան կարգավորման գործընթացից նույնիսկ մակերեսային տեղեկություններ ունեցողի համար երրորդ նախագահի խոսքերը մեծ հաշվով նորություն չէին։ Սակայն խնդիրը ոչ այնքան այն է, որ Սերժ Սարգսյանը բացահայտումներ է անում, այլ այն, որ ինքը պատրաստ էր գնալու հարցի կարգավորմանը։
Չենք քննարկի այն, թե երրորդ նախագահը, նախընտրական թոհուբոհից հետո հեղինակավոր լրատվամիջոցին տված հարցազրույցում որքան անկեղծ է, կամ որքան ոչ։ Սակայն կուզենանք գոնե ֆիքսել, որ եթե Սերժ Սարգսյանը պատրաստ էր կարգավորելու Ղարաբաղյան խնդիրն այն ֆորմատով, որով ինքը ներկայացրեց երեկ, ապա ինչու ապրիլյան 4-օրյայից հետո, երբ ամենահարմար ժամանակն էր, հետբախումային իրավիճակը հաշվի առնելով, համաձայնություն չկայացավ, որ գոնե շփման գծում խաղաղապահներ կանգնեցվեն, մինչդեռ դա նույնիսկ հանրային հասանելի հարթակում առաջարկվել էր։ Եվ հետո, 2016-ի ապրիլից մինչեւ 2018-ի ապրիլ, այսինքն ուղիղ երկու տարի կարելի էր գոնե նախաքայլեր անել, օրինակ 4-5 գյուղի մասով բանակցել, կամ ինչ որ ժողովուրդների հաշտեցման հարցեր բերել մեջտեղ, որպեսզի առարկայորեն երեւար, որ հարցը ուր որ է լուծվելու է։
Իհարկե, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «Աղդամը հայրենիք չէ», սակայն այդ հայտարարությունից հետո արձագանքները եղել են ազդակ երրորդ նախագահի թիմի ու նաեւ համանախագահների համար, որ հասարակությունը դրան դեռ պատրաստ չէ։ Եթե 2016 ապրիլից մինչեւ 18-ի ապրիլ գոնե մի քանի քայլ ձեռնարկվեին հակամարտության կարգավորման ուղղությամբ, ապա կարդարացվեր նաեւ իր՝ իշխանության ղեկին մնալը։ Պարզապես, պետք էր ասել, որ մենք մեր հերթին, Բաքուն իր հերթին յուրովի այնքան էին երկու կողմերի հասարակություններին «սնել», որ շփման կետերը չափազանց քիչ էին դարձել։ Ու այն, որ իրավիճակը գոնե ապրիլյան 4-օրյայից հետո փակուղային էր, հասկանալի էր ամենքին։ Այլ հարց, որ նոր իշխանությունը այդ փակուղուց ոչ միայն ելքեր չգտավ, այլ նաեւ այնքան խորացրեց, որ այսպես ասած՝ «վիրահատական միջամտության» ցավոտ տարբերակը թույլատրվեց։
Խնդիրը բանակցային ինտենսիվությունը չէ։ Խնդիրը շատ ավելի խորն է։ Ներառյալ` Հարավ-Կովկասյան ռեգիոնի նոր ճարտարապետությունը։ Պետք է նաեւ այս ամենի մասին անկեղծ խոսել, որվ լսարանը պատկերացնի իրականությունը ամբողջական կերպով, եւ ոչ թե հատվածաբար։



