Բայրամովն ու Կալլասը քննարկել են Ադրբեջանի հա...

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 5-ին հանդիպում է ունեցել երկրում այցով գտնվող Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի հետ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հաղորդագրության համաձայն՝ առանձնազրույցի և ընդլայնված կազմով հանդիպումների ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։

«Կարծիքների փոխանակություն է տեղի ունեցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Կրկին ընդգծվել է Ադրբեջանի հանձնառությունը տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովմանը։

Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ։ Այս համատեքստում քննարկվել են բազմակողմ հարթակների շրջանակում համագործակցությունը, ինչպես նաև գլոբալ մարտահրավերների դեմ պայքարում համատեղ գործողությունների հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են տարբեր ինստիտուտների և ծրագրերի շրջանակում Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։