Մենք օգնում ենք Հայաստանին հաղթահարել հիբրիդա...

Եվրոպային անհրաժեշտ է ռազմական անվտանգություն, էներգետիկ անվտանգություն, տնտեսական անվտանգություն, և դա հատկապես վերաբերում է Հարավային Կովկասին։ Դրա մասին մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի անձնական գրասենյակի տնօրեն Ստեֆանո Պիեդիմոնտե Բոդինին։

Նա հավելել է, որ դրանցից և ոչ մեկը առանձին վերցրած չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդավարական անվտանգության, առանց հուսալի ինստիտուտների և առանց օրենքի գերակայության։

«Հենց այդ աշխատանքն են Հայաստանն ու Եվրոպայի խորհուրդը միասին իրականացնում արդեն 25 տարի։ Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանին կրում է երկարաժամկետ բնույթ, դա երկարաժամկետ հանձնառություն է։ Խոսքն այն ինստիտուտներին օգնելու մասին է, որոնք դիմակայում են հիբրիդային ճնշումներին, որոնց բախվում է նաև Հայաստանը՝ կիբերհանցագործություններից մինչև վնասակար տեղեկատվական մանիպուլյացիաներ և օտարերկրյա միջամտություն։

Եվրոպան պետք է «ոչ» ասի ընտրությունների և զանգվածային լրատվամիջոցների, հատկապես սոցիալական ցանցերի մանիպուլյացիաներին՝ միաժամանակ պաշտպանելով խոսքի ազատությունը, անկախ լրատվամիջոցները, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը։

Հզոր բանակներն առանց ամուր ժողովրդավարական ինստիտուտների և ամուր ժողովրդավարական վերահսկողության վտանգավոր են։ Մենք դա տեսել ենք աշխարհի շատ տարածաշրջաններում։ Հաշվի առնելով դա՝ ես ողջունում եմ Հայաստանի հետ մեր համագործակցությունը»,- նշել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը։