Սերժ Սարգսյանը «գործ տվո՞ղ» է

Տևական ժամանակ է, ինչ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին սպասարկող մեդիաները թիրախավորել են Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազիին։ Սարգսյանի մեդիահարթակներին հանգիստ չի տալիս այն օբյեկտիվ և փաստարկված քննադատությունը, որը հնչել է և շարունակում է հնչել իրենց ղեկավարի գործունեության վերաբերյալ։ Սարգսյանական հարթակներից միայն մեկը վերջին 9 ամիսների ընթացքում խմբագրի մասին գրել է 142 զրպարտչական հոդված։

Ինչպես ցանկացած ադեկվատ մարդ, կայքի խմբագիրը գնացել է իրավական ճանապարհով և դատական հայց է ներկայացրել այդ հարթակի դեմ։ Դատական հայցի մասին տեղեկությանը Սարգսյանին սպասարկող հարթակը արձագանքել է կիսագողական բառապաշարով․ «Այսպիսով՝ Բորիկն իր այս քայլով ապացուցում է, որ շարքային «գործ տվող» է»։

Այսինքն՝ Սարգսյանին ծառայող հարթակը դատական-իրավական ճանապարհով գնալը համարում է «գործ տալ»։ Այս տրամաբանությամբ ստացվում է, որ իրենք գործ տվող են համարում նաև հենց Սերժ Սարգսյանին, որովհետև տարիներ առաջ նա էլ դատական հայց է ներկայացրել ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ։

Ի դեպ, Սարգսյանը հայց էր ներկայացրել ոչ միայն իշխանական պատգամավորին, այլև ԱԺ աշխատակազմին՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները և հատուցել իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը։

Հիշեցնենք՝ 2021 թվականի օգոստոսի 25-ին ԱԺ նիստում ելույթ ունենալով, Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, թե Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար «կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադեններում»։  Նրա պնդմամբ, այդ ամենը եղել է բանակի և պետության այլ ծախսերի հաշվին, և լայնամասշտաբ կոռուպցիա է իրականացվել։

Մեր տեսակետից Սերժ Սարգսյանը, իհարկե, ճիշտ է վարվել, որ դատական հայց է ներկայացրել ՔՊ-ական պատգամավորի դեմ։ Եթե մարդը համարում է, որ իր մասին կեղծ տեղեկություն է տարածվում, ուրիշ ի՞նչ պետք է անի։ Բայց Սարգսյանի քարոզիչների տրամաբանությամբ ստացվում է, որ նա «գործ տվող» է և պետք է դատի տալու փոխարեն ռազբորկի հրավիրեր Սուքիասյանին ու ԱԺ աշխատակազմին։ Ինչ խոսք, տարօրինակ մոտեցում է։