Երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի 65 ամյակն էր։ Տարբեր գործիչներ օրվա ընթացքում շնորհավորանքներով հանդես եկան: Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորեց նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը։
Զարմանալի է, բայց երրորդ նախագահին չշնորհավորեց նրա անմիջական ջանքերի և աջակցության շնորհիվ նախագահ դարձած Արմեն Սարգսյանը։ Չշնորհավորեց այն դեպքում, երբ նախորդ տարի դեռ նախագահ չդարձած դիֆերամբներ էր ձոնում Սերժ Սարգսյանին, փառաբանում նրա նախագահական տարիները։
Արմեն Սարգսյանի լռությունը անհասկանալի է հատկապես այն դեպքում, երբ նա անգամ ամենաաննշան պետության նախկին ու ներկա ղեկավարներին շտապում է շնորհավորել ամենատարբեր առիթներով։
Մենք փորձեցինք նախագահի աշխատակազմից ճշտել, թե ինչու՞ չի եղել շնորհավորանք, կամ գուցե եղել է, և միայն հանրությունը ծանոթ չէ այդ շնորհավորանքին։ Զրուցեցինք նախագահի օգնական Գևորգ Մելիքյանի հետ, ով, սակայն, իրավասու չէր հարցին պատասխանել, և ուղղորդեց՝ ում զանգել: Աշխատակազմի անդամներից որևէ այլ մեկի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց: Հեռախոսահամարները կամ անհասանելի էին, կամ զանգերն անպատասխան էին մնում:
Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց որոշ հանգամանքներ ճշտել։ Նախագահականի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանը սկզբում ցանկացել է շնորհավորական ուղերձով հանդես գալ, սակայն մտավախություն է ունեցել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալ կհասկանա ու կպատժի իրեն։ Փորձել են գործադիրի տրամադրություններից հասկանալ՝ ադրյո՞ք կարող են նման քայլ անել, թե՞ ոչ, բայց հաջողության չեն հասել։
Ի վերջո, Արմեն Սարգսյանը որոշել է հայտնի երգի մոտիվներով իր «սերը գաղտնի պահել» ու գոնե հրապարակային չշնորհավորել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Մեզ, սակայն, չհաջողվեց պարզել՝ ի վերջո Արմեն Սարգսյանը գոնե հեռախոսազանգով շնորհավորե՞լ է Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ։
Հ․Գ․ Հասկանալու համար, թե ինչու՞ պետք է Արմեն Սարգսյանը շնորհավորեր Սերժ Սարգսյանին՝ 65 ամյակի կապակցությամբ, անհրաժեշտ է միայն դիտել ներքոնշյալ տեսանյութը։
Բորիս Մուրազի



