Սերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը:
Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճից։ Փլուզման հետևանքով մարդիկ էին զոհվել։
Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյունոտ է» մակագրությամբ։ Նրանք պահանջել են քննարկել ողբերգության պատասխանատվության հարցը։ Այնուհետև իշխող կոալիցիան փորձել է հեռացնել պաստառը՝ հայտարարելով, որ ընդդիմությունը «պատերազմ է ուզում, իսկ Սերբիան՝ աշխատել» և ծեծկռտուք է սկսվել։
Խորհրդարանի նախագահ Անա Բռնաբիչն ասել է, որ ընդդիմության անդամներն այդ անկարգությունների պատճառ են դարձել, քանի որ դրա համար գումար են ստացել դրսից։
«Կարծում եմ, որ նրանք լավ են վարձատրվել Սերբիայում ավերածություններ անելու և մեր երկիրը ապակայունացնելու համար»,-ասել է նա:
Նոյեմբերի 1-ին Նովի Սադում երկաթուղային կայարանի շենքի հովանոցը փլուզվել էր, զոհվել էր 15 մարդ։
Առկա տեղեկությունների համաձայն՝ փլուզումը տեղի է ունեցել վերակառուցման աշխատանքների ժամանակ։
Միջադեպը Նովի Սադում քաղաքացիական անկարգություններ է առաջացրել։ Ցուցարարները պահանջում էին պատժել ողբերգության մեղավորներին։
Անցած շաբաթ Սերբիայի դատախազությունը հայտարարել էր այս գործով 11 անձի, այդ թվում՝ շինարարության նախկին նախարարի կալանավորման մասին։