Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թվականի սեպտեմբերին 2019-ի սեպտեմբերի համեմատ նվազել է 7.5 տոկոսով:
Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
Ըստ էության՝ մի շարք ոլորտներում առկա անկումային վիճակը որոշակիորեն կարգավորվել է։
Աճ է արձանագրել միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 3.9 տոկոսով, սպառողական գնաճը կազմել է 1.4 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 3.9 տոկոս:
2020-ի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ շինարարության ծավալը, ի տարբերություն նախորդ մի քանի ամիսների անկման, աճել է 0.6 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը եւս աճել է՝ 1.8 տոկոսով։
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալները 2020-ի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 12.4 տոկոսով, սակայն այստեղ կարեւոր է արձանագրել, որ այս նվազումը պայմանավորված է ներմուծման նվազմամբ, քանի որ արտահանումը աճել է 4.6 տոկոսով, իսկ ներմուծումը նվազել է 20.4 տոկոսով:
Ծառայությունների ծավալը (առանց առեւտրի) նվազել է 18.3 տոկոսով։
Առեւտրի շրջանառությունը նվազել է 10.8 տոկոսով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 1.7 տոկոսով։
Ընդհանուր առմամբ հունվար-սեպտեմբերին 2019-ի հունվար-սեպտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.6 տոկոսով։