Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն դիտարկվում են որպես Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավոր վայրեր։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանից երկու իրազեկ աղբյուրներ։
Գործակալության տվյալներով՝ վերջին շաբաթներին Ռուսաստանից բարձրաստիճան պաշտոնյաներ այցելություններ են կատարել Սաուդյան Արաբիա և ԱՄԷ։ Միևնույն ժամանակ, աղբյուրներից մեկը հայտնել է, որ Մոսկվան առայժմ չի աջակցում այդ վայրերում հանդիպում անցկացնելու գաղափարին, քանի որ երկու երկրներն էլ սերտ կապեր ունեն ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում։
Երեկ Թրամփը, ելույթ ունենալով Վաշինգտոնի մերձակայքում գտնվող «Էնդրյուս» ռազմաօդային բազայում, հայտարարել էր Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ պլանավորված հանդիպումների և շփումների մասին։ Նրա խոսքով՝ նախատեսված հանդիպումների քննարկումն ընթանում է «բավականին հաջող»։
«Շատ լարված հանգստյան օրեր ենք անցկացրել։ Մենք զբաղվում ենք Իսրայելով: Մենք գործ ունենք Ուկրաինայի և Ռուսաստանի հետ։ Մենք հանդիպումներ ու բանակցություններ ունենք ծրագրված տարբեր կողմերի, այդ թվում՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ»,- ասել էր Թրամփը։
Մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 27-ին, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել էր, որ ամերիկյան կողմի հետ շփումները դեռ չեն սկսվել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հեռախոսազրույցի վերաբերյալ Ռյաբկովն ասել էր, որ նման երկխոսություն դեռ «նախատեսված չէ», «ոչ մի պայմանավորվածություն չկա, չկա փոխըմբռնում այս հարցում»։
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Թրամփը կարող է Պուտինին բանակցային սեղանի շուրջ նստեցնել՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել ՌԴ էներգետիկ և բանկային համակարգերի դեմ, ինչպես նաև շարունակելով աջակցել Ուկրաինայի զինված ուժերին:
«Կարծում եմ՝ սրանք հաջորդ և ամենակարևոր քայլերն են... Ես կցանկանայի բանակցային սեղանի շուրջ տեսնել ԱՄՆ-ին, Ուկրաինային և ռուսներին։ Եվ, անկեղծ ասած, պետք է լինի նաև ԵՄ-ն: Բայց ինչպես է դա հնարավոր կլինի անել, չգիտեմ», - ասել է նա:
Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռուսաստանն իրականում չի ցանկանում մասնակցել հրադադարի բանակցություններին կամ քննարկել որևէ զիջում, որը Կրեմլը մեկնաբանում է որպես տարածքային կորուստ։
Զելենսկին նաև նշել է, որ առանց գործընկերների կողմից անվտանգության երաշխիքների, Ռուսաստանի հետ կնքված ցանկացած գործարք Կիևին զերծ չի պահի ապագա ագրեսիայից։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունն անվտանգության երաշխիքների «ամենաէժան» տարբերակն է Ուկրաինայի դաշնակիցների համար։