«Սասնա ծռեր»-ի առաջարկը մերժվել է. Սեֆիլյանը...

Ազգային ժողովից մերժել են «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության` Ժիրայր Սեֆիլյանին Ապրիլյան պատերազմի հանգամանքների քննության հանձնաժողովում ընդգրկելու առաջարկը.

«Մեր առաջարկությունից ժամեր անց իշխանության ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ չեն կարող իմ նման մարդկանց ընդգրկել քննիչ հանձնաժողովում, անհեթեթ պատճառաբանություն բերելով, թե Ազգային ժողովի կանոնակարգը նման բան թույլ չի տալիս: Ինչպես նշեցի, այդ պատասխանն անհեթեթ է և զավեշտալի է առհասարակ այս ամբողջ պրոցեսը, որ արդեն մեկ տարի է, ինչ տեղի է ունենում մեր երկրում: Նոր իշխանությունը հնազանդաբար ենթարկվում է Սերժի ստեղծած օրենքներին և կեղծ սահմանադրությանը»- ասված է Սեֆիլյանի տարածած հաղորդագրության մեջ: 

Հիշեցնեք, որ Politik.am-ը կուսակցության մամուլի քարտուղար Վահագն Ավագյանից փորձել էր մեկնաբանություն ստանալ, թե ինչ ընթացակարգով կարող է Ժիրայր Սեֆիլյանը ներգրավվել որպես հանձնաժողովի անդամ, քանի որ անդաները ընտրվում են պատգամավորներից.

«Նման հանձնաժողովը, որը զբաղվելու է հայոց պետականության ազգային անվտանգության կարևորագույն հարցի ուսումնասիրությամբ, տեխնիկական բնույթի որևէ սահմանափակում չպիտի ունենա հարցի ուսումնասիրության համակողմանիությունը և արդյունավետությունը ապահովելու համար:  Սա ոչ պակաս կարևոր է հանրության շրջանում վստահություն ներշնչելու առումով: Այսինքն` եթե ինչ-որ ընթացակարգային սահմանփակում կա, դա որևէ կերպ չպետք է խոչընդոտ հանդիսանա քննության համակողմանիության, արդյունավետության և վստահության չափանիշները բավարարելու հարցում»- ասել էր Ավագյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կուսակցությունը հայտարարություն էր տարածել`պահանջելով Ժիրայր Սեֆիլյանին ներգրավել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքում: