Պայմանավորված վերջին օրերին անտիցիկլոնի կենտրոնի առկայությամբ, օդի տուրբուլենտականության դադարով, քամիների բացակայությամբ` Արարատյան գոգավորությունում նկատվում է սառը օդի լճացում, որն իր հետ բերել է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
«Մասնավորապես, դիտվել է ազոտի և ծծմբի երկօքսիդների կոնցենտրացիաների աճ, իսկ փոշու կոնցենտրացիայի էական փոփոխություն չի դիտվել:
Առաջիկա 5 օրերին օդերևութաբանական իրավիճակում էական փոփոխություններ չեն սպասվում։
Անտիցիկլոնի կենտրոնը կշարունակի մնալ հանրապետության տարածքում, ինչի արդյունքում առաջիկա 5 օրերին սպասվում է օդի աղտոտվածության մակարդակի կրկին աստիճանաբար բարձրացում»,- ասված է հաղորդագրությունում։



