«Սանիթեք» ընկերությունը մտադիր է դիմել միջազգային արբիտրաժի իրականացման։ Իսկ մինչ այդ՝ երկուշաբթի, մտադիր են հանդիպում ունենալ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին այսօրվա հեռակա ասուլիսի ժամանակ հայտնեց ընկերության ղեկավար Նիկոլաս Թավիլը։
Նա ասաց, որ անկախ դրանից՝ իրենք ոչ մի դուռ չեն փակում Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության հարցում, նույնիսկ երկու առաջարկ ունեն, որոնք պատրաստ են իրականացնել իրենց պայմանները բավարարելու դեպքում։
Թավիլն ասաց, որ առաջարկներից մեկն այն է, որ Երևանի քաղաքապետարանը նոր գնած աղբատար մեքենաներն ու աղբամանները տրամադրի իրենց՝ աղբահանությունն իրականացնելու համար, «ոչ թե «Սանիտեկի» համար ստեղծի բարդ իրավիճակ, ընկերությունը չհասցնի հավաքել աղբն, ու քաղաքապետարանը հերոսաբար իր վրա վերցնի այդ աշխատանքը»։
Երկրորդ առաջարկը վերաբերում էր նրան, որ ընկերությունը պատրաստ է հավելյալ 4 միլիոն դոլար ներդրում անել անմիջապես, ավելացնել աղբամանների քանակը և շարունակել աշխատանքը։ Սակայն այս առաջարկների համար կան պայմաններ։ Դրանցից մեկի համաձայն՝ Հայաստանի իշխանությունները պետք է վերադարձնեն այն գումարները, որ որպես տուգանք գանձել են ընկերությունից։ Այդ տուգանքներն ընկերության ղեկավարը համարում է ապօրինի։ Ընկերության ղեկավարը նաև պնդում է, որ անհրաժեշտ է վերանայել պայմանագրի արժեքը։



