«Հիմա միակ տարբերակը մնում է սպասել, թե համայնքային հիմնարկը պետք է սկսի ամբողջ թափով գործել։ Հույս ունենք, որ առաջիկայում խնդիրը կլուծվի, բայց միաժամանակ կարծում եմ, որ դա կարճաժամկետ լուծում է լինելու, և քաղաքային իշխանությունները պետք է մտածեն երկարաժամկետ լուծումների մասին», - այսօր «Երևանում աղբահանության ճգնաժամի հանգուցալուծման» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու Լույս դաշինիք ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Նա անդրադարձավ «Սանիթեքի» ղեկավարության հրավիրած ասուլիսին նշելով, որ ասուլիսի ընթացքում որևէ նոր բան չհնչեց.
«Կարծում եմ, որ առնվազն մի քանի ամսով ասուլիսը ժամանակավրեպ էր։ Մայրաքաղաքում աղբահանության պատասխանատվությունը կրող կազմակերպության կողմից նոր-նոր առաջարկություններ ներկայացնելը կամ դրանք հրապարակայնացնելը ժամանակավրեպ է։ Տեսնում ենք, որ քննարկումների այդ գործընթացը չի հանգել այն փուլին, որ պետք է «Սանիթեքի» բարձրացրած խնդիրներին լուծում տալ, մասնավորապես՝ պայմանագրի գնի վերանայումը», - ասաց Դավիթ Խաժակյանը։
Նրա խոսքով՝ խոսել նոր պայմանավորվածության մասին՝ ժամանակավրեպ է, քանի որ հարցը վերաբերում է մի կազմակերպության, որի գույքն ամբողջությամբ վնասված է և որից հանրությունն ակնկալիքներ չունի։



