Սանդուն երկրորդ անգամ երդվել է որպես Մոլդովայ...

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն երեքշաբթի օրը երդվել է իր երկրորդ նախագահական ժամկետից առաջ, հայտնում է Newsmaker-ը։

Պաշտոնական երդումից հետո ունեցած ելույթում Սանդուն նշել է, որ հասարակությանը հաջողվել է պահպանել խաղաղությունը և պաշտպանել իր ժողովրդավարությունը՝ չնայած վերջին տարիների ճգնաժամերին և Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա։

Նա նաև ազգային մոբիլիզացման և երկրի զարգացման ուղու շարունակման կոչ է արել։ 

«Ձեռքս սրտիս կարող եմ ասել՝ առաջին մանդատի ժամանակ նվիրումով եմ աշխատել և էլ ավելի մեծ կամքով ու եռանդով եմ շարունակելու։ Չորս տարի անց ես կարող եմ խոնարհաբար ասել, որ մենք միասին արել ենք մի բան, որը երբեք չի արվել անկախության 30 տարիների ընթացքում»,- ասել է Սանդուն:

Նա հավելել է, որ դեռ շատ աշխատանք կա, բայց ճանապարհը ճիշտ է ընտրված։

«Ես ձեզ քաջալերում եմ վստահորեն առաջ շարժվել: Մի մոռացեք, թե ինչ է նշանակում մեր Մոլդովան՝ ժառանգություն, լավատեսություն, պայքար, զարգացում, կազմակերպվածություն, կամք, փառասիրություն»,- ասել է Սանդուն։