Նարեկ Կարապետյանը հայտարարեց «Մեր ձևով» կամավ...

Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Մեր ձևով» շարժման համակարգող ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարեց կամավորական շարժման հիմնադրման մասին, նաև նշեց, որ երկրորդ փուլով արդեն կուսակցություն կստեղծեն:

Խոսքի սկզբում Կարապետյանը նշեց, որ Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքում հասել ենք մի կետի, երբ մեր ժողովրդի սպասելիքները չեն բավարարվում:

«Առկա հասարակական և քաղաքական խմբերը, կենտրոնանալով իրար հանդեպ ատելություն քարոզելու վրա, մեր ժողովրդի մեջ հակասություններ են սերմանում: Ինչքան ավելի շատ են հակասություններն ու ատելությունը, այնքան ավելի անհաջող են գնում մեր գործերը: Այստեղ կարևոր դեր ունի իշխանության գործելաոճը: Իշխանությունը դեղին մամուլի խմբագրից չտրասֆորմացվեց պետական միավորող գործչի:

Ընդդիմության հանդեպ ատելությունն էլ որ առաջացել է անարադարություններից, խանագարում է իրավիճակին նայել սառն ու ոչ էմոցիոնալ: Տարիներ առաջ իշխանություններն ասում էին՝ հպարտ քաղաքացիներ, այսօր նրանք մեզ ուրիշ բանի մեջ են համոզում, ասում են՝ մեր ազգը պետք է զիջի ու համակերպվի, որ մեր ազգը ձև չունի: Հայ ազգը ձև ունի, մնում է բոլորին ցույց տալ մեր ձևը»,- ասաց նա:

Ապա նա նշեց, որ այսօր ազգային բարերար Սամվել Կրապետյանի համախոհներով և գործընկերներով հայտարարում են՝ «Մեր ձևով» կամավորական շարժման հիմնադրման մասին:

«Իսկ ինչու ենք մենք կամավորական շարժման, այլ ոչ թե կուսակցության մեկնարկի մասին հայտարարում: Կամավորական շարժումն այն ձևաչափն է, որը թույլ կտա առանց բաժանելու մեր հասարակությանը համախմբել մարդկանց լավ, մեծ ու բարի գործեր անելու համար: Շարժումն ապաքաղաքական կամավոր միավորում է, մարդկանց, ովքեր պատրաստ են անձնուրաց ծառայել հանրօգուտ նպատակի: Շարժման մասնակիցները կարող են լինել տարբեր մասնագիտությունների և հայացքների տեր մարդիկ, որոնք կարող են աշխատանքից ազատ ժամանակ մասնակցել շարժման աշխատանքներին»,- ասաց Կարապետյանը:

Սա հայտարարելուց հետո Նարեկ Կարապետյանը նշեց, որ դա չի նշանակում, թե իրենք կուսակցություն չեն հիմնելու:

«Սա մեր աշխատանքի առաջին փուլն է: Հայաստանում առաջիկայում ընտրական գործընթացներ են սպասվում և դրանց մասնակցելու օրենքով նախատեսված ամենահարմար ձևը կուսակցական մասնակցությունն է: Մեր գործունեության երկրորդ փուլում պատրաստվում ենք մեր մշակած մասնագիտական ծրագրերը, նախագծերը շարժման հիման վրա ստեղծվելիք կուսակցության միջոցով վերածել պետական ծրագրերի»,- ասաց նա: