Իմ գնահատականն այն է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել օգոստոսի 8-ին, ընդդիմությունը 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին դեռ հլը շոկի մեջ էր, 13-ից սկսել է լայնածավալ հարձակումը խաղաղության դեմ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ո՞նց անենք, որ ձախողենք, տապալենք, ո՞նց անենք, որ նոր էսկալացիա լինի, բա այս ո՞նց կլինի։ Դժբախտ է մեր ընդդիմությունը, որովհետև սահմանին զինվոր չի զոհվում, հասկանո՞ւմ եք։ Չի զոհվում, և դրանից նրանք դժբախտ են, բա ո՞նց կլինի, որ սահմանին զինվոր չզոհվի, բա մենք ինչի՞ հաշվին ապրենք, բա ո՞ւմ արյունը խմենք, որ ապրենք»,-շեշտեց Փաշինյանը:
Նա նշեց, որ իր պարտքն է համարում պաշտպանել հաստատված խաղաղությունը: «Դրա ձևը հնարավորինս շատ հաղորդակցության մեջ լինել Հայաստանի քաղաքացիների հետ: Այդ խաղաղության հեղինակը ես չեմ, այդ խաղաղության հեղինակը ՀՀ քաղաքացիներն են, որոնք 2018 թվականի մայիսից ամենօրյա ռեժիմով հիբրիդային քարոզչական հարձակումների ներքո են: Բայց մեր ժողովուրդն առավել քան դիմակայուն է: Ես ուզում եմ ժողովրդին շնորհակալություն հայտնել այս խաղաղության համար, իրենք վաստակել են խաղաղությունը»,- ասաց նա:



