Ադրբեջանական կողմի սադրանքները նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կյանքի կոչելու համար են արվում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ եւ ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ -գնդապետ Մովսես Հակոբյանը։
Մովսես Հակոբյանը նշեց, որ բանակցություններով չի ստացվում հարցը կարգավորել, այդ պատճառով էլ հակառակորդը դիմում է սադրանքի։
«Հասկանում ենք, թե որքան վատ փաստաթուղթ է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, այդ պատճառով էլ նման քայլերի է գնում։ Այս պահին իրավիճակը լարված չէ, բայց հանգիստ էլ չէ»,- ասաց գեներալ Հակոբյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից դիրքային եւ մարդկային կորուստներ չեն եղել: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայկական կողմն ունի մեկ վիրավոր՝ ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։