Սաակաշվիլին հայտարարել է, որ մահանում է

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ այժմ մահանում է բանտարկության մեջ։ Քաղաքական գործիչը հոդված է գրել Politico հրատարակության համար, որը փոխանցել է փաստաբանի միջոցով։

«Երբ ես 2021 թ. հոկտեմբերին Վրաստան վերադարձա ութ տարի տարագրության մեջ ապրելուց հետո` աջակցելու ազատ և արդար խորհրդարանական ընտրություններին, ես առողջ ու եռանդուն 54-ամյա տղամարդ էի: Այնուհետև անմիջապես ձերբակալվեցի Վրաստանի իշխանությունների կողմից և մինչ օրս կալանքի տակ եմ, որի համար հիմք են ծառայել քաղաքական դրդապատճառներով արված մեղադրանքները «իշխանության չարաշահման» մասին, որոնք միայն Կրեմլը և Վրաստանի ներկայիս կառավարությունն են համարում օրինական: Կալանքի տակ գտնվելու ընթացքում առողջությունս կտրուկ վատացել է: Հիմա ես մեռնում եմ», - գրել է Սաակաշվիլին։

Քաղաքական գործչի խոսքով՝ այժմ ինքը տառապում է «20-ից ավելի լուրջ հիվանդություններից», որոնք ձեռք է բերել բանտում։

«Իմ մահը կարող է քաղաքական քաոս առաջացնել Վրաստանում, բայց իմ նահատակությունը Ռուսաստանում իբրև հաղթանակ կդիտարկվի (խմբ.՝ ՌԴ նախագահ) Պուտինի համար՝ հզոր խորհրդանիշ տարածաշրջանի և, հնարավոր է, աշխարհի բոլոր ղեկավարների համար, որոնք չեն կարողանում ընդդիմանալ ռուսական իմպերիալիզմին», - նշում է Սաակաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահն իր առողջական ներկայիս վիճակի համար պատասխանատվությունը դնում է ՌԴ նախագահի վրա:

Սաակաշվիլիին ձերբակալել են Վրաստանում 2021 թ. հոկտեմբերի 1-ին: Նա անցնում է մի քանի քրեական գործերով։ Քաղաքական գործիչը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու համար։ Առաջին դեպքում Սաակաշվիլիին դատապարտել են մինչև երեք տարվա ազատազրկման, երկրորդ դեպքում՝ մինչև վեց տարվա։

Բացի այդ, նա մեղադրվում է 2007 թ. նոյեմբերի 7-ի ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ավերածությունների և պետբյուջեի միջոցների վատնումների համար. այդ գործերը դեռ քննվում են դատարանների կողմից։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Սաակաշվիլին երկար կմնա բանտում և կկրի ողջ սահմանված պատիժը։