2019 թվականը պետական ինստիտուտների վրա հարձակման տարի էր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա հիշեցրեց, որ այս տարվա մարտի 19-ին, երբ նախօրեին Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, Նիկոլ Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանները. «Դա չբավարարեց մերօրյա բռնապետին և նա հաջորդ օրն անձամբ մասնակցեց դատարանների շրջափակմանը: Սա հակասահմանադրական ու հակաօրինական քայլ էր: Սահմանադրությամբ կա իշխանությունների տարանջատման սկզբունք և այդ քայլով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր իրականացրած քաղաքականությունը որևէ առնչություն չունի ժողովրդավարության հետ: Որևէ իրավական երկրում գործադիրի ղեկավարը չի կարող միջամտել ոչ օրենսդիրի, ոչ էլ դատական իշխանության աշխատանքներին, առավել ևս շրջափակել դատարանները:
Այնուհտև տեսանք հարձակումներ ՍԴ-ի վրա, տեսանք ԱԺ-ում Վահե Գրիգորյանի հայտնի խոսքը, որին ընտրեցին որպես ՍԴ դատավոր, վերջում պարզվեց, որ ընտրել են ՍԴ նախագահ: Հետո Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության ֆոկուսները ՍԴ անդամ-դատավոր տարընթերցումների վերաբերյալ: Հետո տեսան դա էլ գլուխ չի գալիս, հիմա էլ օրենք ընդունեցին, որով փորձ են անում կաշառել դատավորներին: Սա պետական կոռուպցիայի ցայտուն օրինակ է: Քաղաքապետարանի «Կամազների», պրեմիաների մասին չեմ էլ ուզում խոսել»,-ասաց Շարմազանովը:



