
Օգոստոսի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի նախագծում երբևէ չի դրվել կոնկրետ քարտեզ ամրագրելու հարցը։ Նախարարը նույնիսկ հեգնանքով հարցրել էր․ «ի՞նչպես պետք է խաղաղության համաձայնագրում քարտեզ լիներ»։
Սակայն ընդդիմադիր պատգամավորները՝ Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Գեղամ Մանուկյանը և Քրիստինե Վարդանյանը, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ մեղադրելով նախարարին սուտ խոսելու մեջ։
Նրանց փոխանցմամբ, նախաստորագրված փաստաթղթերի համաձայնեցման գործընթացում հայկական կողմի առաջարկներում սահմանազատման և սահմանագծման հիմք էր դիտարկվում ընդունել 1974-1979 թվականների խորհրդային ԳՇ քարտեզները։ Ադրբեջանի կողմը, իր հերթին, առաջարկել էր ընդհանրական ձևակերպում՝ առանց հստակ թվականների և քարտեզների ամրագրելու։
Պատգամավորները նշում են, որ փաստաթղթի հրապարակված տեքստից պարզ երևում է՝ Հայաստանը զիջել է նաև այս կետում՝ համաձայնելով ադրբեջանական տարբերակին։ Արդյունքում, ըստ նրանց, ՀՀ սահմանի հստակ ուրվագիծ փաստաթղթով չի ամրագրվել։
Հայտարարության հեղինակները ընդգծում են, որ այս փաստը վկայում է՝
-
բանակցությունները ընթանում են Ադրբեջանի պահանջների ամբողջական բավարարման տրամաբանությամբ,
-
Հայաստանի ներկայացուցիչները չեն արձանագրել որևէ ձեռքբերում, որը կպաշտպաներ երկրի տարածքային ամբողջականությունը։
Պատգամավորները պահանջում են բանակցված բոլոր փաթեթների ամբողջական հրապարակում՝ նշելով, որ միայն այդ կերպ հնարավոր կլինի բացահայտել ներկայիս բանակցային խմբի «թշվառությունը»։
Նրանց համոզմամբ, գործող իշխանության նպատակը երբեք հայանպաստ ձևակերպումներ ապահովելը չի եղել․ այն ուղղված է եղել բացառապես Ադրբեջանի պահանջների լեգիտիմացմանը։