
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հերթական անգամ հայտարարել է դաշինքի երկրների պաշտպանական ծախսերի ավելացման անհրաժեշտության մասին՝ «ցանկացած սպառնալիքի հակազդելու և կազմակերպության հավաքական պաշտպանության պլանները լիովին իրագործելու» նպատակով։ Այս մասին նա ասել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, որի տեսանյութը հրապարակել է Times Radio-ն։
«Ակնհայտ է, որ մեր նոր նպատակներին հասնելու համար մենք պետք է զգալիորեն ավելացնենք պաշտպանական ծախսերը, և սա է ընկած ամեն ինչի հիմքում։ Եվրոպական դաշնակիցները և Կանադան ավելացնում են իրենց ծախսերը։ Ես ակնկալում եմ, որ եթե ոչ բոլորը, ապա մեր դաշնակիցների մեծ մասն այս տարի կհասնի ՀՆԱ-ի 2%-ը ծախսելու սկզբնական նպատակին», - ասել է Ռյուտեն:
Նրա խոսքով՝ շատ երկրներ կատարում են կամ պլանավորում են կատարել անհամեմատ ավելի շատ ներդրումներ։
«Բայց մենք պետք է ավելի հեռու գնանք և ավելի արագ», - կարծում է Ռյուտեն։
Ուստի, գլխավոր քարտուղարի խոսքով, ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հունիսի 5-ին կքննարկեն «պաշտպանական ծախսերն ավելացնելու հրատապ անհրաժեշտությունը հիմնական ռազմական կարիքների, ինչպես նաև պաշտպանության հետ կապված ներդրումների համար, ներառյալ ենթակառուցվածքը և կայունությունը»։
«Պաշտպանական ներդրումների նոր պլանը կլինի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում», - հավելել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։
Հունիսի 5-ին կայանալիք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների խորհրդակցությունը կնախորդի կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու հունիսի 24-25-ին Հաագայում։