
Ռուսաստանը կողմ է մինչև 2025 թվականի ավարտը «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի չորրորդ նախարարական հանդիպման անցկացմանը: Այս փուլում աշխատանքներ են տարվում հանդիպման նախապատրաստման ուղղությամբ։ Հայ-ռուսական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Փոխանցում է Սպուտնիկ Արմենիային:
«Մենք Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների մեջ ենք, որովհետև հերթականության հարց կա։ Այսինքն՝ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը պատրաստ են նման նիստ անցկացնել իրենց երկրներում, միայն պետք է համաձայնեցնել հերթականության կարգը։ Մենք, բնականաբար, ամեն կերպ օժանդակում ենք դրան», - ասաց դիվանագետը։
Դեսպանի խոսքով` հարթակի բոլոր մասնակիցները, որոնք կապ են պահպանում թուրքական և իրանական կողմերի հետ, ելնում են նրանից, որ դա օգտակար, պահանջված ձևաչափ է, և տարածաշրջանի խնդիրների լուծման գործում առանցքային դեր պետք է խաղան հենց տարածաշրջանի պետությունները:
«Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Իհարկե, երրորդ երկրների մասնակցությունը կարող է արժեքավոր լինել, բայց այն պետք է կառուցվի ըստ իրողությունների և տարածաշրջանային երկրների շահերի», - ասաց դիվանագետը։
Կոպիրկինը նաև նշեց, որ հայ-ադրբեջանական կարգավորման կամ հայ-ամերիկյան երկխոսության շրջանակներում քննարկվող շատ հարցեր անխուսափելիորեն շոշափում են մյուս հարևան երկրների շահերը, և հենց այդ պատճառով «3+3» հարթակը դառնում է բազմակողմանի երկխոսության օբյեկտիվորեն պահանջված մեխանիզմ:
Դեսպանն ընդգծեց` ձևաչափն աշխատում է. արդեն կայացել է երեք հանդիպում։ Ինչ վերաբերում է Թբիլիսիի մասնակցությանը, ապա, նրա խոսքով, Վրաստանը սկզբնական փուլում հետաքրքրություն է ցուցաբերել փորձագիտական մակարդակով, մասնակցել է միջոցառումներից մեկին, սակայն ավելի ուշ հեռացել է: Այնուամենայնիվ, դեսպանի խոսքով՝ հարթակի բոլոր մասնակիցները միակարծիք են, որ Վրաստանի համար դռները բաց են։