Ռուսաստանը կարող է հրաժարվել միջին և փոքր հեռ...

Ռուսաստանն ԱՄՆ-ի գործողությունների պատճառով կարող է հետ կանգնել ցամաքային միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման մորատորիումից։ ТАСС գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի Սպառազինությունների չտարածման և վերահսկման վարչության տնօրեն Վլադիմիր Երմակովը։

«Ինչ վերաբերում է ամերիկյան արտադրության հրթիռային զենքին, որը կարող է պոտենցիալ կերպով հայտնվել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ներառյալ՝ Ճապոնիայի տարածքում, ապա դրա արագության բնութագրերը բնավ միակ չափանիշը չեն, որով մենք կգնահատենք այդ տեղակայումները: Պակաս կարևոր չէ հրթիռային համակարգերի հեռահարությունը», - ասել է նա։

«Մասնավորապես, դրանց հեռահարության կոնկրետ պարամետրերից սկզբունքայնորեն կախված կլինի Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու հավատարիմ մնալ այս կամ այն տարածաշրջանում ցամաքային միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման միակողմանի մորատորիումին: Բայց արդեն այժմ կարելի է վստահաբար ասել, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ապակայունացնող ռազմական ծրագրերը մեր մորատորիումը դարձնում են ավելի ու ավելի փխրուն ինչպես Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի առումով», - հավելել է դիվանագետը։

Միացյալ Նահանգները Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի  շրջանակներում իր պարտավորությունների կատարումը դադարեցրել է 2019 թվականի փետրվարի 2-ին՝ Ռուսաստանի կողմից համաձայնագրի ենթադրյալ խախտման հիման վրա։ Վաշինգտոնն առաջին անգամ այդ մասին հայտարարել էր 2014 թվականի հուլիսին։ ԱՄՆ վարչակազմի վարկածով՝ Ռուսաստանի Դաշնությունը խախտել է պայմանագիրը՝ ստեղծելով 9M729 հրթիռը։ Մոսկվան հերքել է այդ մեղադրանքները՝  իր հերթին ներկայացնելով պահանջներ, որոնք, օրինակ՝ «շոշափում են Եվրոպայում ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրերը»։

2019 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի երկրների ղեկավարներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնող երկրների ղեկավարներին, առաջարկել էր
Եվրոպայում և այլ տարածաշրջաններում սահմանել միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման մորատորիում։ ТАСС- ը նշում է, որ ԱՄՆ-ն, փաստորեն, հետագայում մերժեց այդ նախաձեռնությունը: