
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան հանդիպումից և մի շարք փաստաթղթերի ստորագրումից տպավորություն էր, որ ռուս-հայկական հարաբերությունները լարվելու են, քանի որ Հայաստանը համաձայնեց Սյունիքով անցնող ճանապարհը արտապատվիրակել հայ-ամերիկյան կազմակերպության կառավարման։ ԱՄՆ-ը հստակ դերակատարում ստացավ և ևս մեկ լծակով ապահովեց իր ներկայությունը տարածաշրջանում։
Հայաստանում հնչում էին տեսակետներ, որ սա աննախադեպ հարված էր ռուսական շահերին և նման քայլից հետո Նիկոլ Փաշինյանը չպետք է հույս ունենա ռուսական կողմի հետ դրական հարաբերությունների վրա։ Չնայած այս պնդումներին՝ ռուսական կողմը բավական հանգիստ վերաբերվեց այս իրադարձությանը։ Ավելին՝ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարեց, որ իրենց համար ընդունելի է այն, ինչ ընդունելի է դաշնակից Հայաստանի համար։
Պեկինում, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը առավել ամրապնդեց այն դիրքորոշումը, որ Ռուսաստանը առաջին դեմքի մակարդակով խնդիր չի տեսնում ստորագրված փաստաթղթի և Սյունիքի ճանապարհին ԱՄՆ-ի հավանական ներկայության մասով։ Հանդիպման սկզբում ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ շատ ուրախ է տեսնել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս էլ ի պատասխան ասաց, որ միշտ հաճելի է հանդիպել Պուտինին։
Հայ-ռուսական հարաբերությունների ֆոնին բավական լարվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունները, որոնք Վաշինգտոնյան հանդիպումից առաջ էլ լարված էին։
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Ռուսաստանում ձերբակալվում են ադրբեջանական համայնքի ղեկավարներ ու գործարարներ, արտաքսվում են հազարավոր ադրբեջանցիներ։ Սրան ի պատասխան՝ Ադրբեջանում տեղի են ունենում ռուսների ձերբակալություններ։ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարում է Ուկրաինային ռազմական աջակցություն տրամադրելու մտադրության մասին։ Իսկ Ռուսաստանը Ուկրաինայի տարածքում հարվածում է ադրբեջանական նավթավերամշակման գործարաններին։ Ռուսական մեդիայում արդեն իսկ քննարկվում է Ադրբեջանի տարածքում «Հատուկ ռազմական գործողություն» անցկացնելու անհրաժեշտությունը։
Պեկինում ևս հարաբերությունների լարվածությունը տեսանելի էր․ Պուտինն ու Փաշինյանը ուրախ են միմյանց տեսնել և քննարկում են հագեցած համատեղ օրակարգը, իսկ Ալիևի հետ հանդիպման հավանականությունը այնքան փոքր էր, որ ՌԴ նախագահի խոսնակը միայն հույս հայտնեց, թե գագաթաժողովի ընթացքում նախագահները գոնե կարող են իրար բարևել։
Ելնելով այս ամենից՝ կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանի համար տարածաշրջանում հակառուսականության հիմնական օջախ է համարվում Ադրբեջանը։