Ռուսաստանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին տեղեկությ...

Ռուսաստանն, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ամբողջական տեղեկություն է փոխանցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին՝ Մոսկվայում ապրիլի կեսերին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման և ընդունված համատեղ հայտարարության մասին: Այս մասին լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մոսկովյան հանդիպման արդյունքներով գրանցվել է Հայաստանի և Ադրբեջանի հետաքրքրվածությունը՝ հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարների վերաբերյալ: Խոսքը հակամարտության գոտում իրավիճակի հետագա կայունացման մասին է, մասնավորապես՝ գյուղատնտեսական աշխատանքների շրջանում, ինչպես նաև կողմերի տարածքում անազատության մեջ գտնվող անձանց հետ նրանց հարազատների տեսակցության թույլտվության ու մարդկանց միջև կոնտակտներ հաստատելու (այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների) ուղղությամբ գործնական քայլեր անելու պատրաստակամության մասին»,- ասել է նա:

Գրեմինգերն իր հերթին վերահաստատել է ԵԱՀԿ մտադրությունը՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին աջակցելու մասին: