
Բելառուսն ակնկալում է Ռուսաստանից մոտ 2 մլրդ դոլար ստանալ՝ ներմուծման փոխարինման ոլորտում համատեղ նախագծերի համար, ասել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ավելի վաղ ներմուծման փոխարինման ծրագրերին մասնակցելու համար Մինսկին 1,5 միլիարդ դոլար էր հատկացվել, գրում է «Կոմերսանտը»։
«Մոտակա հեռանկարում Բելառուսը եւ Ռուսաստանը կունենան բազմաթիվ նախագծեր բոլոր ոլորտներում՝ սկսած ռազմական ռազմավարականից վերջացրած ցամաքայինով»,- ասել է Լուկաշենկոն Բելառուսի բոլոր դպրոցներում եւ համալսարաններում ուղիղ եթերով պատմության բաց դասի ժամանակ:
Եվրասիական տնտեսական առաջին համաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ազդարարել էր Բելառուսին ֆինանսական աջակցության մասին։ Այս տարվա հունիսի 9-ին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել էր, որ Ռուսաստանը Բելառուսին 1,5 մլրդ դոլար կհատկացնի ներմուծման փոխարինման ծրագրերին երկրի մասնակցության համար։
Հուլիսի 1-ին Պուտինը, ելույթ ունենալով Ռուսաստանի եւ Բելառուսի տարածաշրջանների համաժողովում, ասել էր, որ երկու երկրների 2021 թվականի սեպտեմբերին համաձայնեցված միութենական 28 ծրագրերի իրականացման աշխատանքն ընթանում է «ռիթմիկ եւ ըստ ժամանակացույցի», իսկ ինտեգրման համար անհրաժեշտ ընթացակարգերի 40 տոկոսն արդեն կատարել են։ Օգոստոսին Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն խոսել էր Ռուսաստանի հյուսիս-արեւմուտքում նավահանգիստ կառուցելու հանրապետության ծրագրերի մասին։ Նավահանգստի հզորության կոնկրետ կոորդինատները չեն նշվել, սակայն հայտնի է, որ Մինսկը նախատեսում է դրանք օգտագործել բելառուսական արտադրանքի արտահանման համար։