Ամերիկյան վարչակազմը դրսևորեց երկակի ստանդարտներ, անարդարություն և անտարբերություն՝ փոխանակվող անձանց ցուցակում չկարողանալով ներառել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակից Մարկ Ֆոգելին, որը Ռուսաստանում դատապարտվել էր թմրանյութերի մաքսանենգության համար։ Այս հայտարարությունն արել է ամերիկացու ընտանիքը։
«Անհասկանալի է, որ ԱՄՆ կառավարությունը, որն ապահովեց այլ ամերիկացիների և նույնիսկ օտարերկրացիների ազատ արձակումը, որոնք կալանավորված էին Մարկից երկար ժամանակ անց, հրաժարվեց նույնը անել Մարկ Ֆոգելի համար: Նման բացահայտ անարդարությունն ու անտարբերությունն անընդունելի են։ Սա սխալ է և անազնիվ»,- ասված է նրանց հայտարարության մեջ։
ԱՄՆ քաղաքացու հարազատները նշել են, որ Ֆոգելը «հարուստ չէ, հայտնի չէ, չունի հզոր հովանավորներ», ուստի նրա համար պայքարում են միայն նրա 95-ամյա մայրն ու ընտանիքի անդամները։ «Սակայն այս պայքարն ուղեկցվում է ոչ թե աջակցությամբ և փոխըմբռնմամբ, այլ դիմադրությամբ և երկակի ստանդարտներով»,- ասվում է տեքստում։
Ֆոգելը Մոսկվայի անգլո-ամերիկյան դպրոցի ուսուցիչ է և նախկինում Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակից էր։ Մինչև 2021 թվականի մայիսը նա ուներ դիվանագիտական կարգավիճակ։ Ֆոգելը ձերբակալվել է 2021 թվականի օգոստոսի 14-ին՝ Նյու Յորքից Մոսկվա ժամանելուն պես։ Շերեմետևո օդանավակայանում «կանաչ միջանցքով» անցնելիս նրան կանգնեցրել են մաքսավորները։ Պատճառը ծառայողական շների արձագանքն էր նրա ուղեբեռին։
Մաքսային հսկողության ընթացքում օտարերկրացու ուղեբեռում հայտնաբերվել է մարիխուանա և հաշիշի յուղ։ Հետաքննության վարկածներից մեկի համաձայն՝ ամբաստանյալը կարող էր նախկինում օգտագործել իր դիվանագիտական կարգավիճակը՝ Ռուսաստան թմրամիջոցների մատակարարման ուղիներ կազմակերպելու համար՝ հետագայում դպրոցականների շրջանում վաճառելու նպատակով։
Ֆոգելը թմրանյութերի մաքսանենգության համար դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։