
Ռուսաստանն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի ուղի» նախագծի ստեղծման հարցում: Այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք այս հարցը դիտարկում ենք հետևյալ համատեքստում՝ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ իրենց համար ինչ-որ բան լավ է, ապա մենք, իհարկե, աջակցում ենք Հայաստանին»,-ասել է Օվերչուկը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար (Trump Route for International Peace and Prosperity) հռչակագիրը ստորագրել են Վաշինգտոնում օգոստոսի 8-ին: Հռչակագրի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է.
«Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։