
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։
Կոմբինատի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին ծանոթացրել են արտադրության տեխնոլոգիական արդիականացման լայնածավալ ծրագրերին, ձեռնարկության աշխատողների սոցիալական աջակցության խոշոր ծրագրերին, ինչպես նաև կադրերի պատրաստման համակարգի զարգացմանն ուղղված միջոցառումներին:
Հանդիպմանը մասնակցած Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության և Ռուսաստանյան արտահանման կենտրոնի ներկայացուցիչները դեսպանին տեղեկացրել են արտադրական գործընթացի օպտիմալացման ուղղությամբ ռուսական առաջատար տեխնոլոգիաների և ժամանակակից լուծումների ներգրավման հնարավորությունների մասին:
Այցի ընթացքում տեղի է ունեցել նաև Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը Սյունիքի մարզի գործարար շրջանակների այն ներկայացուցիչների հետ, որոնք աշխատում են ռուսաստանյան գործընկերների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացմանը, ինչպես նաև ռուսական պրոֆիլային կառույցների կողմից գործարարներին աջակցություն ցուցաբերելու գործնական հարցեր: Ընդգծվել է միջտարածաշրջանային փոխգործակցության շրջանակներում գործարար շփումների զարգացման ներուժը։