
Իրավապահ մարմինները ձերբակալել են Չելյաբինսկի մարզի նախկին փոխնահանգապետ Ալեքսանդր Ուֆիմցևին, որը խարդախության գործով 2018 թվականից գտնվում է միջազգային հետախուզման մեջ, հայտնել է Քննչական կոմիտեն (ՔԿ): Գործակալությունը պարզաբանել է, որ Ուֆիմցևը ձերբակալվել է օդանավակայանում՝ սահմանը հատելու փորձի ժամանակ: Նա գտնվում է ժամանակավոր կալանավայրում:
Համաձայն քննության վարկածի՝ 2009-ից մինչև 2010 թվականը Ուֆիմցևը, իր երեք համախոհների հետ միասին, ապօրինաբար ձեռք է բերել 5 հեկտար մակերեսով անտառային հողատարածք, որը գտնվում է Ուվիլդի լճի պահպանվող գոտում։ Դրա համար մեղադրյալները Չելյաբինսկի մարզի անտառների գլխավոր վարչության և մունիցիպալ հիմնարկի միջև կնքել են անժամկետ օգտագործման պայմանագիր՝ պարտավորվելով տվյալ հողատարածքում կառուցել մանկական առողջարանային ճամբար։ Սակայն, դրա փոխարեն, կասկածյալները կառուցել են հանգստի համար նախատեսված քոթեջներ և հողատարածքի հետ միասին դրանք ձևակերպել որպես իրենց վերահսկողության տակ գտնվող իրավաբանական անձի սեփականություն, որից հետո վաճառել են այն։ Քննության ընթացքում դատարանը հողատարածքի սեփականության իրավունքի փոխանցման գործարքները ճանաչել է անվավեր, իսկ կառույցները քանդվել են։
Ուֆիմցևը եղել է նահանգապետ Միխայիլ Յուրևիչի տեղակալը, որը պաշտոնավարել է 2010 թվականի ապրիլից մինչև 2014 թվականի հունվարը և ղեկավարել է մարզի կառավարության աշխատակազմը։ 2013 թվականի ապրիլին Ուֆիմցևը հրաժարական է տվել փոխնահանգապետի պաշտոնից։ Ուվիլդի լճի ափին գտնվող քոթեջային ավանի գործը հարուցվել է 2016 թվականի աշնանը։ Ուֆիմցևի փաստաբան Իվան Չերնյակովը պնդել է, որ իր պաշտպանյալը չի թաքնվում քննությունից, այլ բուժում է ստանում Իսրայելում։ Գործի վերաբերյալ քննվել են նաև «Չելյաբինսկի մարզի հատուկ պահպանվող բնական տարածքներ» պետական հիմնարկի նախկին տնօրեն Իլյա Պրուցկիխը, Չելյաբինսկի վարչակազմի մշակույթի վարչության նախկին պետ Դմիտրի Նազարովը և «Սպարտակ» մունիցիպալ մշակութային հիմնարկի նախկին տնօրեն Անդրեյ Գրիգորևը։
Ուֆիմցևը դարձել է 12-րդ փոխնահանգապետը, որը տարեսկզբից ի վեր ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից։ Փետրվարին Ռոստովի մարզում պաշտոնական լիազորությունները գերազանցելու համար հարուցված քրեական գործերով ձերբակալվել են նահանգապետի միանգամից երկու տեղակալ՝ Լիլիա Ֆեդոտովան և Կոնստանտին Ռաչալովսկին։ Առաջինը մեղադրվել է տարածաշրջանի կարիքների համար առևտրային բանկից 12 միլիարդ ռուբլի վարկ վերցնելու մեջ, իսկ երկրորդը՝ մի շարք ձեռնարկություններին բյուջեից ապօրինի սուբսիդիաների տրամադրման մեջ։ Բացի այդ, փետրվարի վերջին Վոլոգդայի մարզում կաշառք շորթելու կասկածանքով ձերբակալվել են փոխնահանգապետ Դենիս Ալեքսեևը և մարզի ներկայացուցչության ղեկավար Կիրիլ Բոչարովը։
Հունիսին ձերբակալվել են Վլադիմիրի մարզի փոխնահանգապետ Ալեքսանդր Ռեմիգան, որին մեղադրել են առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ, ինչպես նաև Բելգորոդի մարզի փոխնահանգապետ Ռուստեմ Զայնուլինը՝ բյուջեից 32 միլիոն ռուբլի հափշտակելու գործով։ Հուլիսին ուժայինները ձերբակալել են Բրյանսկի մարզի փոխնահանգապետ Սերգեյ Սիմոնենկոյին՝ Ուկրաինայի հետ սահմանին ամրաշինական կառույցների կառուցման ժամանակ թույլ տված հափշտակությունների և չարաշահումների գործով, ինչպես նաև Չելյաբինսկի մարզի նախկին փոխնահանգապետ Ալեքսանդր Բոգաշովին, որին մեղադրել են 50 միլիոն ռուբլի արժողությամբ առողջարանային համալիրի ապօրինի կառուցման մեջ։ Օգոստոսի 11-ին ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են Նովգորոդի մարզի փոխնահանգապետ Վիկտոր Նեչաևին՝ առանձնապես խոշոր չափի խարդախության կասկածանքով։