Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցային ձևա...

Մոսկվան կարծում է, որ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցային ձևաչափը բավարար է, և օգտակար է համարում ամերիկյան միջնորդությունն այս հարցում։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ռուսաստանը կողմ է բանակցությունների շարունակմանը այն ձևաչափով, որով դրանք նախկինում ընթանում էին՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ: ԱՄՆ միջնորդությունն օգտակար է այս առումով», - նշել է նա:

Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը չի պլանավորում նոր շփումներ եվրոպացի առաջնորդների հետ, բայց Մոսկվան չի մերժում նման զրույցները։

«Դեռևս չկան այլ զրույցներ։ Բայց մենք չենք մերժում շփումները», - նշել է նա։

Նա հավելել է, որ Ռուսաստանը չէր սպասում Եվրոպայի վրդովմունքին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ զրույցի կապակցությամբ՝ ենթադրելով, որ այն համաձայնեցված է եղել «եվրոպական եռյակի» հետ։

«Կա կարծիքների տարբերություն։ Նույնիսկ Ֆինլանդիայի և Նորվեգիայի հարևաններն են վրդովմունք հայտնում դրա վերաբերյալ», - շեշտել է նա։

Ուշակովը շեշտել է, որ Ռուսաստանի նախագահը միշտ քաղաքավարի և մանրամասն պատասխանում է իր զրուցակիցների կողմից միջազգային հեռախոսազրույցների ժամանակ տրված հարցերին։

«Երբ հնարավոր է, երբ ժամանակ կա, Պուտինը միշտ վերցնում է հեռախոսը՝ քաղաքավարի և մանրամասն պատասխանելու բոլոր հարցերին», - հավելել է նա։

Հոկտեմբերի 27-ին Պուտինը, Ստուբը և Ստյորեն հեռախոսազրույցի ժամանակ քննարկել էին Ուկրաինայի դեմ պատերազմը և դրա ավարտի հնարավոր ուղիները։