Կարգավորվել է որդեգրման գործընթացը․ կառավարու...

Կառավարությունը սահմանել է որդեգրման ենթակա երեխաների տվյալներն օտարերկրյա կենտրոնական մարմիններին կամ հավատարմագրված կազմակերպություններին տրամադրելու, նրանց որդեգրելու ցանկություն հայտնած որդեգրել ցանկացող անձանց հետ աշխատանքներն իրականացնելու, տվյալները հետ կանչելու կարգը։

Ըստ այդմ՝ կարգավորվում են ՀՀ օրենսդրության համաձայն օտարերկրյա որդեգրման ենթակա ճանաչված և որպես այդպիսին հաշվառված երեխաների վերաբերյալ տվյալների փոխանցման ու օտարերկրյա որդեգրման գործընթաց իրականացնելու նպատակով համապատասխան պետությունների իրավասու մարմինների հետ աշխատելու հետ կապված իրավահարաբերությունները։  Հիմնավորման համաձայն՝ ՀՀ դեռևս 2007 թ. վավերացրել է «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիան, որով կարգավորվում են օտարերկրյա որդեգրման իրականացման և դրա շրջանակներում պետությունների միջև համագործակցության հետ կապված իրավահարաբերությունները։ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունները Կոնվենցիայով սահմանված պարտականությունների կատարման համար նշանակում են կենտրոնական մարմիններ։ Կոնվենցիայի 4-րդ գլխով նախատեսվում են օտարերկրյա որդեգրման ընթացակարգը և դրա շրջանակներում պետությունների կենտրոնական մարմինների միջև համագործակցության առանձնահատկությունները։

Ըստ այդմ՝ սահմանվել է օտարերկրյա որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ ապանձնավորված տվյալները փոխանցելու՝ կենտրոնական մարմնի պարտականությունը, ինչպես նաև մանրամասն սահմանվել են այն տվյալները, որոնք ենթակա են փոխանցման։ Նշված տվյալները սահմանվել են՝ հիմք ընդունելով երեխայի այն բնութագրերը, որոնք կարող են անհրաժեշտ լինել որդեգրել ցանկացող անձի հետ նախնական համադրումը, այսինքն՝ համադրման տեխնիկական փուլն իրականացնելու համար։ Սա թույլ կտա ընդունող պետությունների իրավասու մարմիններին՝ նախապես համոզվելու, որ ՀՀ-ից երեխա որդեգրելու համար դիմում են ներկայացնում միայն այն անձինք, որոնք կարող են ապահովել տվյալ պահին ՀՀ-ում որդեգրման համար հասանելի երեխաների կարիքների բավարարումը և որոնց ցանկալի չափանիշներին համապատասխանող երեխաներ տվյալ պահին որդեգրման համար հասանելի են ՀՀ-ում՝ բացառելով անհարկի լրացուցիչ դիմումների ներկայացումը։

Այս  մոտեցումը կերաշխավորի ոչ միայն երեխայի լավագույն շահից բխող որդեգրման համակարգի ձևավորումը, այլ նաև որդեգրել ցանկացող անձանց կողմից սպասման ժամկետների կրճատումը։