Ռուսամետ գործարարներին հրահանգ է տրված` պահը...

Politik.am-ն իր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էր ներիշխանական հնարավոր խմորումներին։ Մենք գրել էինք, որ իշխանության ներսում շատ լավ են հասկանում, ավելի շուտ աշխարհաքաղաքական համապատասխան կենտրոններից հասկացրել են, որ կարճ ժամանակ անց վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն իր գործն ավարտին հասցնելուց հետո առողջական խնդիրներին հղում անելով պետք է թողնի վարչապետի պաշտոնը։

Մեր այդ հրապարակման մեջ նաև գրել էինք, որ իշխանական թիմն ունի մեկ թեկնածու, իսկ ավելի շուտ նրանց առաջարկել են մեկ թեկնածու, ընդ որում իրենք այդ առաջարկը մերժելու հնարավորություն չեն ունեցել։ Ըստ այդ տարբերակի, Փաշինյանի անսպասելի «առողջական խնդիրների» դեպքում վարչապետի պաշտոնում կընտրվի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա հենց այս նպատակի համար էլ ընտրվել է ԱԺ նախագահի պաշտոնում և հենց իր դիրքերի ամրացման համար է, որ որոշակի տնտեսական պրեֆերենցիաներ է ստացել, որոնցով զբաղվում է իր կրտսեր եղբայրը։ Ալեն Սիմոնյանը, սակայն, ըստ այդ պլանի լինելու է ձևական ֆիգուր՝ նա կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, տնտեսական պրեֆերենցիաներ կստանա, կունենա տեղակալներ, օգնականներ, ավելի մեծ աշխատակազմ և աշխատավարձ, բայց երկրի իրական կառավարումը իր ձեռքը չի լինի։ Սիմոնյանը նախատեսված ժամկետում ևս կհեռանա և իրեն արդեն հերթական ընտրություններով կգա փոխարինելու այն մարդը, ում վրա հիմնական խաղադրույքն է արել Ռուսաստանի Դաշնությունը։

Հիմա արդեն նոր մանրամասներ են մեզ հայտնի դառնում։  Սիմոնյանին աջակցող դրսի խաղացողները նաև զգուշացրել են Հայաստանում հետաքրքրություններ ունեցող գործարարներին, որ երբ գա անհրաժեշտ պահը, ապա իրենք պետք է ամեն կերպ աջակցեն Ալեն Սիմոնյանին, որպեսզի նա առավել դյուրին կարողանա պահել ժամանակավոր կառավարությունը իր ենթակայության տակ, մինչև կլինեն նոր ընտրություններ։

Գործարարներին վստահեցրել են, որ երբ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն և Ալեն Սիմոնյանը դառնան ընդդիմություն՝ իրենց նկատմամբ վենդետա չի լինելու ու կարող են հանգիստ շարունակել իրենց բիզնեսները զարգացնել։