Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվ...

Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն հրաժարական է տվել արագընթաց գնացքների բախումից հետո, որի հետևանքով 69 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Պուենտեն իր որոշման մասին հայտնել է Կոնգրեսում։

«Իսպանիայի նման երկրում տրանսպորտի նախարարը չի կարող շարունակել պաշտոնավարել՝ մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում նման լրջության երկու վթարներից հետո», - ասել է նա՝ նկատի ունենալով հունվարին նույն երկաթուղային գծի վրա տեղի ունեցած վթարը, որի հետևանքով 46 մարդ էր զոհվել։

Նա նաև հայտարարել է, որ ոչ միայն հրաժարական է տալիս տրանսպորտի նախարարի պաշտոնից, այլև հանում է իր թեկնածությունը նոյեմբերի 29-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեկնածուների ցուցակներից։

Կոնգրեսում իր որոշման մասին հայտարարելուց առաջ Պուենտեն ներկայացրել է երկաթուղային անվտանգության նոր միջոցառումները։

Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած վթարից անմիջապես հետո Պուենտեի պաշտոնավարման հարցը հայտնվել էր քննարկումների կենտրոնում։ Ընդդիմությունը նրա հրաժարականի կոչեր էր հնչեցրել։

Օրեր առաջ նա նշել էր, որ մտադիր է մնալ պաշտոնին, հետևաբար, հրաժարականի մասին հայտարարությունը շատերին անակնկալի է բերել։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը գովեստի խոսքեր է ասել իր գործընկերոջ հասցեին՝ նշելով, որ նա «դիմակայել է ստեղծված իրավիճակին, պատասխաններ և լուծումներ է առաջարկել, ապա մի կողմ քաշվել»։

«Արժանապատվությունից ելնելով։ Սեփական կամքով։ Զոհերի նկատմամբ հարգանքից դրդված», - հավելել է Սանչեսը

Շատ դիտորդներ այս երկաթուղային վթարը համարում են սոցիալիստների գլխավորած կառավարության համար ընտրություններից առաջ լուրջ հարված, որը, նրանց կարծիքով, կարող է Սանչեսի համար անհնարին դարձնել ընտրություններում հաղթանակը։

Հոկտեմբերի 28-ի առավոտյան Տոլեդոյի նահանգի Ուրդա բնակավայրի մերձակայքում բախվել են Մադրիդ-Սևիլիա երթուղով ընթացող երկու ուղևորատար արագընթաց գնացքներ, որոնցում, ընդհանուր առմամբ, եղել է ավելի քան 540 ուղևոր։

Վթարի հետևանքով գնացքներից մեկի մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից։ Ողբերգության հետևանքով զոհվել է առնվազն 69 մարդ։