Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն, թուրքերից ու ադրբեջանցիներից բացի, դեմ են քվեարկել նաև ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության մի քանի անդամներ, ինչպես նաև Սերբիայի ներկայացուցիչներից մի քանիսը: Ռուսական պատվիրակության մյուս անդամները ձեռնպահ են քվեարկել: Օրակարգում հարցի ներառմանը կողմ է արտահայտվել 93 պատգամավոր, դեմ` 21, ձեռնպահ` 18: Դեմ քվեարկածներից 5-ը ռուսական պատվիրակության անդամներն են եղել, իսկ ևս 7-ը ձեռնպահ են մնացել։
Ռուսական պատվիրակության 5 անդմաների նախագծին դեմ քվեարկելու փաստը հանրային լայն արձագանք գտավ Հայաստանում։ Անհասկանալի է, թե ինչու՞ է ռուսական կողմը դեմ քննարկել մի նախագծի, որն, ըստ էության, պետք է նպաստեր կամ առնվանզ չէր խանգարի գերիների վերադարձի աշխատանքներին, որն արդարության համար նկատենք, որ մեծ մասով իրականացնում է հենց ռուսական կողմը։
Քվեարկությունից մի քանի ժամ անց, ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության անդամ, ՌԴ Դումայի պատգամավոր Սերգեյ Պախոմովը սոցիալական հարթակներից մեկում, ի պատասխան օգտատերերից մեկի հարցի, նշել է, որ տեխնիկական վրիպակի պատճառով են իրենք դեմ քվեարկել և վստահեցրել է, որ իրենք համապատասխան հայտարարությամբ կդիմեն կառույցին։
Հետաքրքիր է, որ ռուս պատգամավորը կրկնում է այն նույն արդարացումը, որով 2019 թվականին ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանը փորձել էր բացատրել, թե ինչու՞ է ինքը դեմ քվեարկել ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ձայնի իրավունքի վերականգման նախագծին։ Հիշեցնենք, որ այն ժամանակ ռուսական կողմը այնքան էլ հակված չէր հավատալու Ռուբեն Ռուբինյանին, հատկապես այն փաստի ֆոնին, որ իշխող թիմի երկու այլ անդմաներ էլ բացակայել էին քվեարկությունից և միայն Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների երկու ներկայացուցիչներն էին աջակցել ՌԴ-ին։
Ստացվում է, որ ռուսները չեն մոռացել հայկական պատվիրակության ոչ դաշնակցային պահվածքը և հիմա հիշեցնում են այդ մասին Հայաստանի իշխանություններին։