Նախօրեին «Ռոսսիա -1»-ի եթերում Վլադիմիր Սոլովյովը Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ զրույցում անդրադարձել է նաեւ այն իրողությանը, որ Թուրքիան սկսում է ամրանալ Հարավային Կովկասում, եւ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, եթե վերջինս բազաներ դնի Ադրբեջանում, դա կարող է խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար, հաշվի առնելով, որ Արեւմուտքը ուզում է շրջափակել Ռուսաստանը բոլոր կողմերից։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախ դժգոհում է, որ Սոլովյովը միանգամից մի քանի խնդիր ներկայացրեց հարցում եւ ապա՝ միանգամից անդրադառնալով Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերությունների հարցին, անում է հայտարարություններ, որոնք պարզ ցույց են տալիս, որ ռուսական էլիտայում կամ դրա որոշակի հատվածում, Դմիտրի Պեսկովն էլ դրանց շարքում (ժամանակին դե Պեսկովը երազել է աշխատել թուրքական պարբերականում որպես վերլուծաբան, քանի որ այնտեղ լավ են վճարում), Թուրքիան դեռեւս շարունակում է մնալ «սրտի դաշնակից»։
Որքան էլ չուզենանք, սակայն սա իրականություն է, որի հետ հաշվի չնստել չենք կարող։ Սա ցույց է տալիս, որ Թուրքիայի հետ Մոսկվան իր հարաբերությունները կառուցում է մեր ունեցած պատկերացումներից դուրս ինչ որ պատկերացումների շրջանակներում, վերանայելով ընդհանրապես արտաքին քաղաքական խնդիրներն իր համար, կամ էլ պարզապես Ռուսաստանն այնքան է թուլացել, իսկ ռուսական էլիտայում թուրքամետ լոբբին այնքան է զորեղացել, որ այն իրականությունը կա, որում մենք ապրում ենք հիմա։
Իսկ սա իր հերթին մեր համար պետք է լինի ազդակ, որ Ռուսաստանից, այս պահին մենք ոչ մի լուրջ ակնկալիք ունենալ չենք կարող եւ սա փաստ է արդեն կայացած։ Մոսկվայի համար ավելի ցանկալի է Անկարայի հետ սիրավեպի շարունակումը, քան Հայ ժողովրդի հանդեպ ունեցած այսպես ասած՝ «պատմական հանձնառության» կատարումը։