
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հանդես է եկել ռուս-ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորման օգտին, որը կպաշտպանի Եվրոպայի և Կիևի շահերը։ Այս մասին նա գրել է X հարթակի իր էջում։
«Առաջնահերթությունը պատերազմին վերջ դնելն է, Ուկրաինայում արդար և տևական խաղաղության ու անվտանգության հասնելը։ Ուկրաինացի ժողովուրդը հույս է դնում Իսպանիայի և Եվրոպական միության աջակցության վրա։ Միասնական ենք դիվանագիտական լուծման օգտին, որը կպաշտպանի Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության կենսականորեն կարևոր շահերը», - նշել է Սանչեսը՝ գրառմանը կցելով Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ երկրների ղեկավարների հրապարակած հայտարարությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 15-ին Ալյասկայում հանդիպում կանցկացնեն։ Հանդիպման գլխավոր թեման ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն է։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպմանը չի մասնակցի։