Կարկտահարությունից տուժած մարզերին Կառավարութ...

2026 թ. հունիս-հուլիս ամիսներին ՀՀ մի շարք մարզերում տեղացած կարկուտի հետևանքով գյուղատնտեսական (բուսաբուծության) գույքին, բազմաբնակարան շենքերի և անհատական բնակելի տների տանիքներին, տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև ջերմատներին պատճառված վնասների մասնակի մեղմման և վնասների հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական հետևանքների նվազեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։

Ըստ հիմնավորման՝ ուսումնասիրությունների արդյունքներով արձանագրվել է, որ կարկտահարության հետևանքով վնասներ են արձանագրվել ՀՀ 9 մարզում։ Ընդհանուր գնահատված վնասի չափը գերազանցում է 3 մլրդ դրամը, որից գյուղատնտեսական վնասները՝ 2,046.8 մլն դրամ, իսկ ոչ գյուղատնտեսական գույքային վնասները՝ 1,084.3 մլն դրամ։ Գյուղատնտեսական վնասների ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են այն վնասները, որոնց նկատմամբ առկա են ապահովագրական կամ պետական աջակցության գործող մեխանիզմներ, և այն վնասները, որոնք դասակարգվել են որպես ոչ ապահովագրելի։

Ոչ ապահովագրելի գյուղատնտեսական վնասների ընդհանուր չափը կազմում է 269,269,095 դրամ։ Միաժամանակ գնահատվել են բազմաբնակարան շենքերի և անհատական բնակելի տների տանիքներին, տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև ջերմատներին պատճառված վնասները։ Մասնավորապես, բազմաբնակարան շենքերի տանիքների վնասված մակերեսը կազմել է 130,669 քմ, վնասված անհատական բնակելի տների տանիքների թիվը՝ 2,935,  վնասված տրանսպորտային միջոցների թիվը՝ 3,638, իսկ ջերմատների ծածկի վնասված մակերեսը՝ 36,573.8 քմ։ Որոշմամբ առաջարկվում է Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին հատկացնել ընդհանուր 1 միլիարդ 235 միլիոն 990 հազար 500 դրամ: