Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգութ...

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու աշխատանքային խումբը, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին: Խմբում կներառվեն նաև ազգային անվտանգության խորհրդականներ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ, իսկ ԱՄՆ-ն կհամակարգի քննարկումները:

WSJ-ի աղբյուրները նշել են, որ անվտանգության երաշխիքները ներառում են ռազմական ներկայություն, օդային պաշտպանություն, զենքի մատակարարումներ և «ռազմական գործողությունների դադարեցման մոնիթորինգ»։ Կան մի քանի եղանակներ, որոնցով Միացյալ Նահանգները կարող է անուղղակիորեն ռազմական աջակցություն ցուցաբերել եվրոպական խաղաղապահ ուժերին, նշել են թերթի աղբյուրները։

Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ որպես անվտանգության երաշխիք՝ դաշնակիցները նախատեսում են ամրապնդել ուկրաինական բանակը և խուսափել դրա չափերի սահմանափակումներից ապագա խաղաղության համաձայնագրում։

Գործակալության տվյալներով՝ անվտանգության երաշխիքների փաթեթը հիմնված կլինի «կամավորների կոալիցիայի» աշխատանքի վրա՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ եվրոպական երկրների խմբի, որոնք առաջարկել են «զսպող ուժեր» ուղարկել Ուկրաինա մարտերի ավարտից հետո։