«Ռոսատոմ»-ը Հայաստանին առաջարկել է կոնսորցիու...

«Ռոսատոմ»-ը պաշտոնապես Հայաստանին առաջարկել է միջազգային կոնսորցիումի ձևաչափով կառուցել 1 ԳՎտ հզորությամբ նոր ատոմակայան։ Այս մասին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը։ Այս մասին հայտնում է alphanews.am-ը։

Նրա խոսքով՝ առաջիկա ամիսներին Հայաստանի կառավարությունը պետք է վերջնական որոշում կայացնի նոր ատոմակայանի տեխնիկական բնութագրերի և շինարարության գործընկերոջ ընտրության վերաբերյալ։

Գլխավոր տնօրենը նաև նշել է, որ «Ռոսատոմ»-ն արդեն հայկական կողմին պաշտոնական առաջարկ է ներկայացրել 1000 ՄՎտ հզորությամբ ՎՎԷՌ-1000 էներգաբլոկի կառուցման վերաբերյալ։

«Ռուսական կողմը պատրաստ է նախագիծն իրականացնել ինտեգրված միջազգային կոնսորցիումի ձևաչափով՝ շինարարությանը ներգրավելով այլ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Հարավային Կորեայի և Չինաստանի արտադրողների, եթե Երևանը նման ցանկություն հայտնի»,- նշել է նա։

Լիխաչևի խոսքով՝ էլեկտրաէներգիայի սպառման տարեկան շուրջ 4% աճի պայմաններում, փորձագետների կանխատեսմամբ, 2036 թվականին Հայաստանին անհրաժեշտ կլինի համարժեք հզորությամբ բազային գեներացիա՝ առաջացող դեֆիցիտը ծածկելու համար։