Հունիսի 7-ին Աբովյան քաղաքում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ։ Պայքարը թեժ է լինելու, քանի որ գործող քաղաքապետ Վահագն Գրիգորյանից բացի իր թեկնածուն է առաջադրել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ ՔՊ թեկնածուն կուսակցության տարածքային կառույցի անդամ, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի մտերիմ Գրիգոր Գուլյանն է։
Կոտայքի մարզպետը ամեն բան անում է, որ իր թեկնածուն հաղթի։ Հաղթանակի հասնելու համար նա անգամ արձակուրդ է վերցրել, որպեսզի զբաղվի իր կուսակցության թեկնածուի քարոզարշավով։
Նախընտրական ամենաթեժ օրերին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում շտապեց հայտնել, որ հարուցվել է քրեական գործ Աբովյանում 67 միավոր համայնքային սեփականության հողամասերի դասական աճուրդի գործընթացում թույլ տրված իրավախախտումների փաստերի հիման վրա․«Հազար ասեցինք` խելո՛ք մնացեք, զե՛րծ մնացեք արատավոր պրակտիկայից, վերափոխվե՛ք, ձեր գործողություններով դուք կոչված եք պաշտպանելու բացառապես Պետության և Քաղաքացու շահը...
ՀՀ֊ն իրավական պետություն է, և օրենքի գերակայություն հաստատելու ճանապարհին մենք կանգ չե՛նք առնելու ոչ մի խոչընդոտի, ոչ մի կաշկանդումի և ոչ մի սպառնալիքի առջև»,-իր տարածած լուրը մեկնաբանել էր մարզպետը։
Հիշեցնենք, որ այս գործը վերաբերում է Աբովյանի գործող քաղաքապետ, ներկայումս թեկնածու Վահագն Գրիգորյանի պաշտոնավարման ընթացքում կատարված ենթադրյալ հանցագործությանը։
Politik.am-ը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար, ընտրական պրոցեսների փորձագետ Դանիել Իոաննիսյանից փորձեց մեկնաբանություն ստանալ` արդյո՞ք քրեական գործի հարուցումը չունի ընտրական գործընթացի վրա ազդելու միտում: Վերջինիս խոսքով` եթե հանցագործություն են բացահայտել, բնականաբար պետք է դրան ընթացք տալ, սակայն այս դեպքում լեգիտիմ հարց է առաջանում` ինչո՞ւ այդ հանցագործությունները բացահայտվեցին այժմ, ոչ թե ենթադրենք` ամիսներ առաջ.
«Ռոմանոս Պետրոսյանը արդեն մեկ տարի է ինչ պաշտոնավարում է որպես մարզպետ: Կարելի էր այդ հանցագործությունները բացահայտել ավելի վաղուց, կամ ընտրություններից հետո: Իմ կարծիքով` մարզպետարանը պետք է հանրությանը բացատրի` ինչո՞ւ հիմա այս ամենը «ջրի երես հանեց»: Այնուհանդերձ այդ քայլը ընտրողների կարծիքի վրա ազդող գործոն է: Եթե անգամ հանցագործությունը չհասատատվի, միևնույն է` դա կազդի ընտրությունների արդյունքի վրա:
Իոաննիսյանը ամփոփեց` եթե մարզպետարանը հիմնավոր բացատրություն չտա, մեզ մոտ հարցեր կառաջանան:



