ՌԴ-ում ներգաղթյալներին կսովորեցնեն կանանց հետ...

Կենտրոնական Ասիայից Ռուսաստան եկած ներգաղթյալներին Ազգային հարցերով դաշնային գործակալության (ФАДН) մշակած հատուկ ադապտացված դասընթացի շրջանակում կսկսեն սովորեցնել ոչ պաշտոնական վարքագծի կանոնները, գրում է Коммерсант-ը։

Մասնավորապես, դասընթացների ժամանակ ներգաղթյալներին կհայտնեն, որ նրանք պետք է իրենց պահեն Ռուսաստանում ընդունված չգրված կանոններով։ Նրանց խորհուրդ կտրվի ռուսներին «եղբայր» կամ «քույր» չանվանել, եթե վերջիններս իրենց անմիջական ազգականները կամ մերձավոր մտերիմները չեն:

Միաժամանակ օտարազգիներին կհորդորեն Ռուսաստանի տարածքում իրենց մայրենի լեզվով չքննարկել անցորդներին կամ այլ մարդկանց ներկայությամբ միմյանց ականջին իրենց մայրենիով չփսփսալ:

Ներգաղթյալներին առանձին կբացատրեն հակառակ սեռի հետ վարքագծի հիմունքները։ Մասնավորապես, որ Ռուսաստանում կանայք և աղջիկները ավանդաբար վառ գույեներով, բաց զգեստ են հագնում, ինչը դատապարտելի չէ, համապատասխանում է նորմերին և չի վկայում ծանոթանալու նրանց պատրաստակամության մասին։ Միաժամանակ ներգաղթյալներին բացատրելու են, ոևր կանայք տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունեն Ռուսաստանում։

Օտարազգիներին կբացատրվի նաև, որ իրենց դուր եկած կնոջ կամ տղամարդու ուշադրությունը գրավելու համար չպետք է դիպչել անծանոթներին, ձայնարկություններ արձակել, սուլել կամ բղավել։

Ներգաղթյալներին կհիշեցնեն, որ Ռուսաստանը աշխարհիկ պետություն է, և երկրում ընդունված չէ որևէ կրոնի նկատմամբ հրապարակայնորեն ցուցադրել սեփական վերաբերմունքը, կնշվի, որ արգելվում է փողոցում կրոնական ծիսակատարություններ անել և նամազ անել հասարակական վայրերում։ Հատուկ կընդգծվի կենդանիների զոհաբերությունների անընդունելիությունը։

Ի թիվս «Ռուսաստանում ոչ պաշտոնական վարքագծի հիմունքների» բլոկի, դասընթացը կներառի ևս երեք բաժին՝ «Միգրացիայի և աշխատանքային օրենսդրության հիմունքներ», «Պատասխանատվություն օրենսդրությանը չպահպանելու համար» և «Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև հարաբերությունների պատմությունը»։

ՌԴ-ում ներգաղթյալներին միգրացիոն և աշխատանքային օրենսդրության բլոկի շրջանակում կբացատրեն նաև օտարերկրացիների մուտքի և գտնվելու կարգի, արտոնագիր ստանալու և աշխատանքային պայմանագիր կնքելու կանոնները։ Ներգաղթյալներին միաժամանակ կհայտնեն, որ հնարավորություն ունեն Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ պարզեցված եղանակով՝ զինված ուժերում պայմանագրով ծառայելու դեպքում։

Դասընթացի՝  օրենքը խախտելու համար պատասխանատվության հատվածում ներգաղթյալներին կտեղեկացնեն նաև ծայրահեղական և ահաբեկչական գործողություններին մասնակցելու կամ դրանց օժանդակելու անթույլատրելիության մասին։ Նրանց միաժամանակ կհորդորեն հանրահավաքների և ցույցերի չմասնակցել։

Ներգաղթյալներին հատուկ դասընթացի վերջին մասում կպատմեն նաև «Ռուսաստանի և  Կենտրոնական Ասիայի երկրների բարեկամության դարավոր պատմության մասին»։

«Խորհրդային իշխանության գլխավոր բարեփոխումներից մեկը բազմաթիվ ցեղերի միավորումն էր խորհրդային ազգերի՝ ղազախների, ղրղզների, կարակալպակների, ուզբեկների, թուրքմենների և տաջիկների հետ, ինչը ԽՍՀՄ ժողովուրդներին հնարավորություն ընձեռեց որպես պետական ​​ազգեր զարգանալ: Հետագայում հենց դա է նախկին խորհրդային հանրապետությունների մշակութային և տնտեսական հիմքերի վրա տարածաշրջանում նոր առանձին պետությունների առաջացման հնարավորություն տվել»,- ասված է դասընթացի նյութերում։

Դասընթացի տեքստային նյութերը զուգորդվում են 11 անիմացիոն տեսանյութերով։ Դրանցում  գլխավոր հերոս Թիմուրը պատմում է Ռուսաստանում կյանքի կանոնների մասին։ Յուրաքանչյուր տեսանյութ սկսվում է «Աս սալամ ալեյկում, սիրելի եղբայրներ և քույրեր» արտահայտությամբ: Իմ անունը Թիմուր է, և ես արդեն տասը տարի մոսկվացի եմ»։ 70 րոպե տևող տեսանյութերի բովանդակությունը գործնականում համընկնում է դասախոսության բովանդակության հետ։