
Քաղաքագետ Ազատ Ադամյանը գրում է․
«Քանզի անզգա անասունների պես մեռնում ենք ու չենք զարհուրում,
Կորչում ենք՝ ու չենք սարսափում,
Տարագրվում ենք՝ ու չենք տագնապում,
Եղծվում ենք՝ ու չենք զղջում,
Մաշվում ենք՝ ու չենք հասկանում,
Պակասում ենք՝ ու չենք վերալրվում,
Քայլում ենք՝ ու չենք զգուշանում,
Գերվում ենք՝ ու չենք զգում»:
Նարեկ Բան ԾԵ
Հպարտություն՝ առաջին մահացու մեղք:
Դիտեցի կեղծ մարգարեի ճառը հանրայինում (հարցազրույց չէր, քանզի տրվում էր չտրված հարցերի պատասխան, և ակներև էր մշակված սցենարը խոսքով և դիմացի թղթերով) և որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ իրավունք ունեմ հանրային մեկնաբանություն տալու լսածիս և տեսածիս, որի իրավունքը հենց ճառախոսն է արտոնել իր խոսքով-գործով:
Ճառի գլխավոր նպատակը եկեղեցու նվիրապետությունը քանդելն էր, շինարարության մասին որևէ խոսք չկար, միայն քանդելու մասին էր(դասական հեղափոխական, որոնց Դոստոևսկին ասում էր դևեր):
Ինչպես բոլորը դևերի(հեղափոխականներ) մոտ՝ կարմիր գծի պես անցնում էր «ժողովրդի անունից՝ ժողովրդի համար, նպատակն արդարացնում է միջոցը», գործելու սրբապիղծ սկզբունքը:
Հավաքական Արևմուտքի՝ կամ մեր թշնամու չորս չաստվածներն են՝ փառք, փող, իշխանություն և հեդոնիզմ:
Կթվա, թե թեմայի հետ աղերս չունեցող բան եմ հիշեցրել, բայց ուղիղ կապ ունի, քանզի ճառախոսը մի քանի տեղ փաստում է, որ ինքը ոչ թե բացարձակ ճշմարտության կրողն է, այլ Հավաքական Արևմուտքի իշխող գաղափարախոսության՝ մուլտիկուլտուրալիզմի(բազմամշակութայնության), և ճառում դուք կտեսնենք չորս չաստվածների փառաբանություն, ճշմարիտ Աստծու անունը շահարկելով:
Օրինակներից մեկը Գուգարաց թեմին նվիրված հատվածն է, որտեղ ճառախոսը տրտնջում է Գուգարեց թեմի գովելի կարգապահությունից, որտեղ թեմի առաջնորդը հետևողական է թեմի հովիվների նկատմամբ, որը ճառախոսի համար պարսավելի է, այն հանգամանքով, որ 21-րդ դարն է, չի կարելի ազատությունն անարգել, բայց հպարտությունից կուրացածը չի նկատում, որ հենց այդ մի հատվածում մերժում է ժամանակից և տարածությունից դուրս բացարձակ ճշմարտությունը՝ նշելով ժամանակ և տարածություն:
Հիմնականից բացի կարևոր տեխնիկական հանգամանքներ են ի հայտ գալիս, որտեղ երևում է այս ամենի նախապես լավ ու մանրամասն պատրաստված և ծրագրավորված լինելը և իշխանությունների հետ համաժամանակյա գործելու փաստը:
Եվ ամենավերջում հասնում է հպարտության կուլմինացիան՝ իրեն համեմատում է Հիսուս Քրիստոսի հետ, որպես առաջին նմանություն շեշտելով տարիքը, բայց այսքանով չի սահմանափակվում, սնափառության դևերը միջից խոսում են խաչելությունից և 21-րդ դարի ավելի քիչ վնասակար ոչ ժանգոտ մեխերից:
Կից նկարը Ռոդենի «Դժոխքի դարպասները» քանդակն է, որի քանդակելու ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» առաջին մասը՝ դժոխքը, քանդակի ամենավերևում նստած «մտածողը» Դանթեն է, որը դժոխքի ամենաամեհի վայրում երեք մարդու էր դրել՝ Հուդա Իսկարիովտացուն, որպես երկնային միապետին մատնողի, և Կասիոսին ու Բրուտոսին, որոնք երկրային միապետությունը քանդեցին՝ սպանելով միապետին՝ հանուն աստվածամերժ, մարդածին հանրապետության:
Որպես վերջաբան տրամաբանական և ընկալելի կլիներ հիշեցնել Դանթեի հայտնի տողերը բարոյական ճգնաժամերի ժամանակ լռողների մասին, բայց այստեղ եկեղեցին է և եկեղեցու նվիրապետությունը, այդ պատճառով ավելի իմաստալից կլինի հիշել ավետարանական տողերը գաղջերի մասին, որոնք այս օրերին ոչ սառն են, ոչ տաք: