ՌԴ-ն ՀՀ-ից Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիա...

Ռուսաստանը Հայաստանից «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) հետ կոնցեսիոն համաձայնագիրը դադարեցնելու վերաբերյալ պաշտոնական դիմումներ չի ստացել, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ոչ, կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ մեզ պաշտոնական դիմումներ չեն եղել, սակայն մենք մշտապես հրապարակային դաշտում լսում ենք դրա մասին հայտարարություններ»,- Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում լրագրողներին ասել է Օվերչուկը՝ պատասխանելով «Интерфакс»-ի հարցին։

Փոխվարչապետի գնահատմամբ՝ Ռուսաստանում նաև Հայաստանի երկաթուղային համակարգի առանձին հատվածները հնարավոր փոխանցելու վերաբերյալ առաջարկներ են լսում, սակայն Մոսկվան նման մոտեցումը վիճահարույց է համարում։

«Մենք չենք հասկանում, թե ինչպես կարելի է մի փայտակոճы պոկել մյուս փայտակոճից, բայց այնտեղ նման մտքեր են շրջում»,- նշել է նա։

Օվերչուկը հիշեցրել է, որ 2026 թվականի հունվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշումներ է ընդունել Հայաստանում երկաթուղիների երկու հատվածների վերակառուցմանն աջակցելու մասին՝ Նախիջևանի հետ սահմանին և Գյումրիի շրջանում։

«Դրանք ևս մենք պատրաստ ենք վերականգնել։ Եվ, ըստ էության, այդ հարցի շուրջ բանակցություններ էինք վարում հայերի հետ, բայց հետաքրքիր է, որ հենց որ Ռուսաստանի Դաշնությունը հայտարարեց, որ մենք պատրաստ ենք մասնակցել երկաթուղու այդ երկու շատ կարևոր հատվածների վերականգնմանը, որոնք իսկապես կապահովեն հայկական երկաթուղիների կապակցվածությունը թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ, բառացիորեն հաջորդ օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ, թե իբր Ռուսաստանի մասնակցությունը կոնցեսիային Հայաստանից երկաթուղիների զարգացման մասով ինչ-որ մրցակցային առավելություններ է խլում»,- ասել է Օվերչուկը։

Նա հավելել է, որ առայժմ դժվար է գնահատել, թե ինչ կերպ Հայաստանը կկարողանա արտաքին աշխարհի հետ ապահովել տրանսպորտային կապակցվածություն՝ առանց ռուսական երկաթուղային համակարգի հետ փոխգործակցության։

«Բայց սա այնպիսի քննարկում է, որը կրում է բարձր մասնագիտական փորձագիտական բնույթ», — ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։