Մոսկվան շարունակում է Երևանին համարել իր դաշնակիցը, իսկ երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը նկատելի աճ է ցույց տալիս․ լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է։ Շատ կարևոր տնտեսական հարաբերություններ ունենք։ Հայաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունը կազմում է 7,3 մլրդ դոլար, ընդ որում, եթե նայենք վիճակագրությանը, ապա հունվար-ապրիլին այն կրկնակի աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տեմպերը շատ լավ են, տնտեսությունը շատ լավ է զարգանում», - նշել է նա՝ հիշեցնելով նաև ԵՏՄ-ին Հայաստանի ակտիվ մասնակցության մասին։
Օվերչուկին Երևանի հետ համագործակցության մասին հարցրել են ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովի համատեքստում, որին հրավիրված են Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Իսրայելի, արաբական երկրների եւ հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործընկերների ներկայացուցիչները: