ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել Իրա...

Չորեքշաբթի կայացած նիստում Ռուսաստանի Դաշնային խորհուրդը հավանություն է տվել Ռուսաստանի եւ Իրանի միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վավերացման օրենքին, հայտնել է «Ինտերֆաքսը»։ 2025թ. հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրի 1-ին հոդվածում ասվում է, որ կողմերը «ձգտում են խորացնել եւ ընդլայնել հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ամրապնդել համագործակցությունը անվտանգության եւ պաշտպանության ոլորտում եւ սերտորեն համակարգել գործունեությունը տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակներում»: Բացի այդ, համաձայն փաստաթղթի, «եթե պայմանավորվող կողմերից մեկը ենթարկվում է ագրեսիայի, ապա մյուս պայմանավորվող կողմը չպետք է ագրեսորին տրամադրի որեւէ ռազմական կամ այլ օգնություն, որը կնպաստի ագրեսիայի շարունակմանը, եւ կաջակցի այն բանին, որ առաջացող տարաձայնությունները կարգավորվեն ՄԱԿ Կանոնադրության եւ միջազգային իրավունքի այլ  նորմերի հիման վրա»։ Պայմանագրում նշվում է, որ կողմերի հետախուզական եւ անվտանգության ծառայությունները փոխգործակցում են առանձին համաձայնագրերի շրջանակում։ Փաստաթուղթը նաեւ սահմանում է, որ «համապարփակ, երկարաժամկետ եւ ռազմավարական գործընկերության շրջանակում պայմանավորվող կողմերը հաստատում են իրենց հանձնառությունը՝ զարգացնելու ռազմատեխնիկական համագործակցությունը՝ իրենց միջեւ համապատասխան համաձայնագրերի հիման վրա, հաշվի առնելով փոխադարձ շահերն ու միջազգային պարտավորությունները, եւ նման համագործակցությունը դիտարկում են որպես տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության պաշտպանության կարեւոր բաղադրիչ»։ Կողմերը սերտորեն կհամագործակցեն սպառազինությունների վերահսկման, զինաթափման, չտարածման եւ միջազգային անվտանգության ապահովման հարցերի շուրջ համապատասխան միջազգային պայմանագրերի եւ միջազգային կազմակերպությունների շրջանակում, որոնց նրանք մասնակից են, եւ այդ հարցերի շուրջ կանցկացնեն կանոնավոր խորհրդակցություններ: Բացի այդ, կողմերը «կնպաստեն խաղաղության եւ անվտանգության ամրապնդմանը Կասպիական տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում, Անդրկովկասում եւ Մերձավոր Արեւելքում, կհամագործակցեն միջամտությունն այդ տարածաշրջաններում եւ երրորդ պետությունների ապակայունացնող ներկայությունը այնտեղ կանխելու հարցում, ինչպես նաեւ կարծիքներ կփոխանակեն աշխարհի այլ տարածաշրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ»: