Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՌԴ քաղաքացու, որը գործել է որպես Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալ՝ աշխատելով Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության համար պատասխանատու կազմակերպությունում:
ԱԴԾ-ն հայտնել է, որ տղամարդու դեմ հարուցվել է քրեական գործ պետական դավաճանության համար։
Ռուս քաղաքացին գործել է ուկրաինացի բլոգեր Դմիտրի Կարպենկոյի (հայտնի է որպես «Ապոստոլ Դմիտրի») հրահանգներով: ՌԴ քաղաքացին տեղեկություններ է հավաքել դիվանագիտական առաքելության աշխատակիցների, այդ թվում՝ նրանց տան հասցեների, տրանսպորտային միջոցների, հանդիպումների և ճանապարհորդությունների, ինչպես նաև դեսպանատան անվտանգության համակարգերի և նախատեսված միջոցառումների մասին:
ԱԴԾ-ն հավելել է, որ Ուկրաինայի հետախուզական ծառայությունները պլանավորել են օգտագործել այս տեղեկատվությունը՝ դիվանագիտական առաքելության ղեկավարի դեմ դիվերսիա կազմակերպելու համար՝ հետագայում մեղադրելով ռուսական կողմին:



