«Բազմիցս անդարադրձել եմ ադրբեջանական կողմի հայտարարություններին, և հայտնածս մեսիջը մոտավոր այսպիսին է՝ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, և պարզ չէ՝ հայկական կողմը դա հասկանում է, թե ոչ»,- Politik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ դիտարկելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ռազմական ուսումնարան այցի ժամանակ արված հայտարարությանը․
«Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմն դեռ ավարտված չէ, ուստի մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ազատագրել մեր հարազատ հողը օկուպանտից: Վստահ եմ, որ այդ օրը կգա, և Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,-ասել է Ալիևը։
Ռազմական փորձագետը հայտնեց՝ առհասարակ ռազմատենչ հայտարարությունները բնորոշ են պատերազմի եզրին կամ կոնֆլիտի մեջ գտնվող երկրների համար։ Ցանկացած դեպքում նման հայտարարությունները խոսում են այն մասին, որ երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բավականին լուրջ հակասություն և անկայուն վիճակ կա։
Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ Армия 2019-ի շրջանակներում հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ պայմանագրեր կնքելուն Վրթանեսյանը ասաց, որ պարզ չէ, թե ինչ հարձակվողական զենքի մասին է խոսքը․
«Մեծ հաշվով ժամանակակից սպառազինության զգալի մասը և հարձակվողական կարող է լինել, և պաշտպանողական։ Սա իմաստ ունի մեկնաբանել այն դեպքում, երբ պարզ լինի թե կոնկրետ ինչ սպառազինության մասին է նշվում»։



