
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ռազմագերիների վերադարձի հարցով ելույթ եմ ունեցել շատ կարևոր հարթակում:
Եվրոպական պառլամենտում «Նորացնելով Եվրոպան» (Renew Europe) խմբակցության նախաձեռնությամբ՝ փետրվարի 04-ին տեղի է ունեցել առցանց կոնֆերանս՝ նվիրված Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ-ի հետ շահավետ համագործակցության զարգացման հեռանկարների քննարկմանը։
Հանդիպմանը մասնակցություն են ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արժեքների և թափանցիկության եվրոպական հանձնակատար Վերա Յուրովան, «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի» (ALDE) նախագահ Հանս վան Բաալենը, Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերը, Եվրոպական հանձնաժողովի էներգետիկայի և առևտրի հարցերով հանձնակատարներ Կադրի Սիմսոնը և Վալդիս Դոմբրովսկիսը։
Կոնֆերանսին մասնակցություն էր ունենում նաև Ադրբեջանի պատվիրակությունը։
Քննարկելով երկկողմ փոխգործակցության տարաբնույթ հարցադրումներ՝ նախատեսված ելույթում անդրադարձ եմ կատարել Հայաստանի և Արցախի համար Արցախյան պատերազմի և նոյեմբերի 09-ին կնքված եռակողմ հայտարարությունից բխող մարտահրավերներին, սպառնալիքներին և հումանիտար ճգնաժամին։
Մասնավորապես՝ շեշտադրել եմ հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց անվտանգ վերադարձի և այս հարցում եվրոպական գործընկերների աջակցության անհրաժեշտությունը»։