Պուտինը և Սի Ծինփինը հանգամանալից բանակցությո...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի Ղեկավար Սի Ծինփինը հանգամանալից բանակցություններ կվարեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթաժողովի շրջանակում, որը տեղի կունենա նոյեմբերի 18–19-ին չինական Շենժեն քաղաքում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է Կոմերսանտը։

Նրա խոսքով՝ Պուտինն ու Սին Բիշքեկում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովին նախորդած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են առանձին հանդիպում անցկացնել։ Ուշակովն ընդգծել է, որ կողմերը մտադիր են հանգամանալից բանակցություններ վարել՝ հավելելով, որ դրա համար զգալի ժամանակ է անհրաժեշտ։

«Ձեռք է բերվել պայմանավորվածություն առ այն, որ դրանք լինելու են իսկապես հանգամանալից բանակցություններ, որոնք որոշակի ժամանակ կպահանջեն»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնականը։

Շենժենում Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդները մասնակցելու են ԱԽՏՀ գագաթաժողովին։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չէր բացառել, որ միջոցառման շրջանակում կարող է կայանալ Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը։

Մինչ այդ, Պուտինն ու Սի Ծինփինը կհանդիպեն Հնդկաստանում՝ սեպտեմբերի 12–13-ին կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում։ Ըստ Ուշակովի՝ այս միջոցառման շրջանակում Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների առանձին երկկողմ բանակցություններ նախատեսված չեն։ Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի օգնականը չի բացառել այն տարբերակը, որ նրանք ոչ պաշտոնական շփում կունենան գագաթնաժողովի կուլիսներում։