Քրեակատարողական հիմնարկներում փաստաբան-վստահո...

Քրեակատարողական հիմնարկներում փաստաբան-վստահորդ հաղորդակցությունը տեսազանգի միջոցով կազմակերպելու ծրագրի մեկնարկն ազդարարվել է ապրիլի 26-ին։ Այն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության, Փաստաբանների պալատի ու ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի միջև համագործակցության շրջանակներում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մշակել էլեկտրոնային նոր հարթակ, որով կերաշխավորվի կոնֆիդենցիալ հաղորդակցությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԹՊԻՀ գրասենյակի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանիին՝ ունեցած փայլուն համագործակցության համար, կարևորելով ծրագրի՝ մարդու իրավունքների պաշտպանությանը միտված լինելու ասպեկտը, միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ փաստաբան-վստահորդ հաղորդակցության 24/7 նոր մեխանիզմը կհանդիսանա միջազգային փորձի լավագույն օրինակ այլ պետությունների համար:

Ըստ աղբյուրի՝ իր հերթին, ԱՄՆ ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին կարևորել է Արդարադատության նախարարություն-Փաստաբանների պալատ օրինակելի համագործակցության ձևաչափը և վերահաստատել ծրագրից բխող միջոցառումների ապահովման հարցում ամերիկյան կողմի աջակցությունը: Ծրագիրն իրականացվելու է ԹՊԻՀ գրասենյակի բարձր հովանու ներքո՝ Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) կատարմամբ:

«Արփինե Սարգսյանը կարևորել է նաև Փաստաբանների պալատի հետ ունեցած համագործակցությունը՝ նշելով, որ Արդարադատության նախարարի հրամանով ստեղծված բազմամասնագիտական աշխատանքային խմբի անդամների ջանքերով մշակվել է երկկողմ փոխհամաձայնեցված ծրագիր, որի իրականացումը հնարավորություն կտա՝

  1. առավել մատչելի ու հասանելի դարձնել 24/7 ռեժիմով իրավաբանական օգնությունը ՔԿՀ-ներում.
  2. խնայել փաստաբանների կողմից ՔԿՀ-ներ այցելելու համար ծախսվող ժամանակը՝ բարձրացնելով պետական միջոցների հաշվին տրամադրվող իրավաբանական օգնության արդյունավետությունը.
  3. նվազեցնել ՔԿՀ-ներում փաստաբանի այցելության հետ կապված տեխնիկական և վարչարարական աշխատանքները (պահանջագրի, անցագրի լրացում, զննություն և այլն):

Փաստաբան-վստահորդ հաղորդակցությունը տեսազանգի միջոցով կազմակերպելու կառուցակարգերի  ներդրման աշխատանքները նախատեսվում է իրականացնել սկզբնապես «Արմավիր» ՔԿՀ-ում՝ ապահովելով ազատությունից զրկված անձանց և հանրային պաշտպանների միջև կապը: Ծրագիրը կընդգրկի բոլոր քրեակատարողականները՝ հեռանկարում ունենալով էլեկտրոնային նոր հարթակն օգտագործել ոչ միայն հանրային պաշտպանների, այլև մյուս փաստաբանների, տեսակցություն ցանկացող այլ անձանց համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: